տուն Քաղաքական Վերլուծական Սկսե՛լ դպրոցներից. համակրթական խնդրի ոչ քաղաքական կողմը…

Սկսե՛լ դպրոցներից. համակրթական խնդրի ոչ քաղաքական կողմը…

447
0

Վերջին օրերին մեծ աղմուկ է հանել ԿԳՄՍ նախարարության նախաձեռնւթյունը, ըստ որի՝ առաջարկվում է ԲՈՒՀ-երին տրվելիք լայն ինքնավարության հիմքով բուհական ծրագրերում կրճատել «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները: Կրքերն այն աստիճանի են բորբոքվել, որ ԵՊՀ ուսանողներն ու որոշ դասախոսներ ընդդիմանում են պատկան գերատեսչության որոշմանը, վերջին երկու օրերին դասադուլ են հայտարարել և նստացույց են իրականացնում հենց ԿԳՄՍ նախարարության առջև՝ պահանջելով նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Կոչին միացել է նաև ՀՅԴ-ն, ինչը նաև քաղաքական որոշ սրացումների պատճառ է դարձել՝ փոխադարձ մեղադրանքներով, անձնական ու համակարգային պիտակավորումներով և նույնիսկ արկղերը քրեական գործերով լցնելու նախազգուշացումներով …

««Մենք պատրաստ ենք այդ խմբերին ընդունել, նրանց պահանջները լսել, բացատրել, բայց ես ինչքան երեկ հասկացա, նրանց ոչ բոլոր հատվածներն են հակված որևէ պահանջ ձևակերպելու և դնելու, այլ պարզապես քաղաքական ակցիա են իրականացնում: Ես հրաժարական կտամ այն ժամանակ, երբ կկարծեմ, թե իմ լիազորությունները բավարար չեմ կատարում»,- սա նախօրեին՝ նոյեմբերի 7-ին, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի բացատրությունն է իր հրաժարականը պահանջող ուսանողներին և ՀՅԴ շրջանակներին:

Խնդրո առարկայի շուրջ ասվեցին-լսվեցին ամենատարբեր խոսքեր՝ հայրենասիրական զեղումներից մինչև մասնագիտական մտահոգություններ: Իրականում ոչ պրոֆիլավորված ֆակուլտետներում նշյալ առարկաների ուսուցման ոչ պարտադիր բաղադրիչը հանելով, ԿԳՄՍ-ն իսկապես որոշակի ազատություն ու ինքնավարություն է տալիս նրանց՝ հասկանալու, արդյունավետ մեխանիզմներ մշակելու, թե ինչ չափաբաժնով է պետք դասավանդել մայրենին ու պատմությունը, որպեսզի ողջամիտ համադրությամբ մի կողմից չստանանք «խիստ բանասիրական կամ պատմական» թեքումով, ասենք, խմբավարներ, ֆիզիկոսներ, դեղագետներ և այլն, մյուս կողմից՝ ունենանք այնպիսի մասնագետներ, որոնք բավարար  տիրապետում են հայոց լեզվին ու հայոց պատմությանը և իրենց գործի իսկական վարպետներն են, գիտակրթական ու մասնագիտական մեծ առաջընթացի համար մրցունակ, աշխատաշուկայի պահանջներին համապատասխանող:

Այդ դեպքում ինչի՞ց սկսել։ Այո՛, գրագետ հռետորաբանությամբ փաստաբանը, երաժշտագետը, որևէ մեկը միշտ էլ բարձր են գնահատվում: Խնդիրը հանրակրթության՝ ընտանիք-նախակրթարան-դպրոց շղթայի ակունքներում է: Որքանո՞վ ենք այստեղ առողջ ծիլեր գցում, որպեսզի ՀՀ քաղաքացին պատշաճ սովորի հայոց լեզուն, հայոց գրականությունն ու հայոց պատմությունը, այլ առարկաներն ընդհանրապես: Բազմիցս լսել ենք, որ դասապրոցեսը պետք է դառնա աշակերտակենտրոն: Իսկ կենտրոնում ուսման նյութը ի՞նչ ու ինչպե՞ս ենք կառուցում, որպեսզի սովորողն ունենա ոչ թե սոսկ գիտելիքներ, այլ լեզվամտածողություն, լայն մտահորիզոն, որի վրա կխարխսի իր մասնագիտական նեղ իմացությունն ու հմտությունները: Ի՞նչ են անում դպրոցներում, որպեսզի լեզուն տառաճանաչության հետ չշփոթենք, այլ դարձնենք ներպետական–համազգային դոկտրին, կենսունակ ու զարգացող օրգանիզմ՝ մասնագիտական, տերմինաբանական ու այլ դրսևորումներով:

Հեռավոր բնակավայրերում, օրինակ, վիճակն ավելի անմխիթար է. որակավորված մասնագետների սղությունից, պակասից մինչև աշխատանքային թերացումներ: Ութամյա կրթությամբ ուսմասվարներից, մանկավարժներից ի՞նչ պահանջել: Ի՞նչ արդյունք ակնկալել նրանցից ու այս գործընթացից: Եվ ուրեմն պետք է պետական ու գերատեսչական հայացքը բևեռել դպրոցներին, նորոգման ու բարեփոխման շրջադարձային գործընթացը սկսել դպրոցներից:

Թեման ու մտահոգություններն իհարկե ընդգրկուն են, բայց, հանճարեղ աստղագետի՝ Վիկտոր Համբարձումյանի այս կտակ-գրառումն, ամեն դեպքում, թողնեմ այստեղ… Չի՛ խանգարի, կօգնի՛ հաստատ …

Արա Ալոյան