Այսօր՝ հունվարի 15-ին, «Սպուտնիկ Արմենիա»-ի մամուլի սրահում կայացած հանդիպման շրջանակում տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը և փաստաբան Վահան Հովհաննիսյանն անդրադարձել են մեզանում լայն տարածում գտած թեմայի՝ ֆեյքերի առկայությանը:
Հիշեցնենք, օրեր առաջ ձերբակալվեց կեղծ օգտատերերից մեկը, որի գրառումը ազգային անվտանգության համար վտանգավոր էր որակվել: Սա կարելի է աննախադեպ համարել Հայաստանի համար:
Ինչպե՞ս վարվել ֆեյքային լուրերի հետ, ինչպե՞ս տարբերել կեղծը և ո՞րն է քրեորեն հետապնդելի արարքը. այսօրվա քննարկման հիմնական առանցքն այս հարցադրումներն էին: Անդրադառնալով խնդրին՝ Սամվել Մարտիրոսյանը նշեց հետևյալը.
«Հայաստանում ձևավորվել է մի պատկերացում, որ ֆեյքը վատ բան է, ֆեյք ասելով նկատի ունենք մի մարդու, որն իր անունից հանդես չի գալիս: Կարծում եմ՝ սա ոչ միայն սխալ կարծիք է, այլև՝ վտանգավոր: Բայց պետք է հաշվի առնել խոսքի ազատությունը, մարդու քաղաքական ակտիվիստ կամ քաղաքական ընդդիմադիր հայացքներ ունենալը, այսինքն՝ մարդ, որ ցանկանում է թաքցնել իր ինքնությունը, բայց ունի կիսվելիք, ասելիք»:
Փորձագետի համոզմամբ, ֆեյքերի գոյության միանշանակ դատապարտումը կարող է հանգեցնել մի իրավիճակի, երբ մարդուն թույլ չտան բաց ու ազատ արտահայտել իր կարծիքը:
«Ի վերջո պետք է հիշեցնեմ, որ մենք մի երկիր ենք, որն արդեն ընդունել է ազդարարի ինստիտուտը, ինչը ենթադրում է, որ մարդ կարող է թաքցնել իր ինքնությունը, սակայն բացահայտումներ անել, և պետությունն էլ խրախուսում է այդ ամենը»,- ընդգծեց Սամվել Մարտիրոսյանը: