Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի տնօրեն Կարեն Արիստակեսյանը վիճաբանել է թանգարանի աշխատակցուհիների հետ: Նրանցից 60-ամյա Աննիկ Միքայելյանին նա եւ մեկ այլ աշխատակից Վարդիկը, ով, ըստ թանգարանի աշխատակիցների, տնօրեն Կարեն Արիստակեսյանի սիրուհին է, ծեծի են ենթարկել, եւ 60-ամյա կինը այս պահին հիվանդանոցում է: ԳԱԼԱ-ին մանրամասներ է փոխանցել Աննիկ Միքայելյանի դուստրը՝ Ամալյա Վարդանյանը, ով եւս աշխատում է նույն թանգարանում:
«Ինքը՝ տնօրեն Կարեն Արիստակեսյանը եւ իրա սիրուհին՝ Վարդիկը, մամայիս ծեծել են: Հարվածներ են հասցրել մայրիկիս կրծքավանդակին, պարանոցին եւ թեւերին: Մայրիկիս վիճակը շատ վատ է, բժիշկները երեկ նկարել են եւ պարզել, որ սրտի շրջանում արյան զեղում կա եւ նաեւ սալջարդ:
Ինքը` տնօրենը, մամայիս թեւերին է խփել, հարվածել ու հրել է մամային, իսկ ընկերուհին մամայիս դոշին է խփել, իսկ մայրս 60-ամյա կին է,նա նաեւ մի քանի տարի առաջ ինֆարկտ էր տարել եւ սրտի հետ լուրջ խնդիրներ ունի: Մենք դիմել ենք ոստիկանություն: Ու հայտարարում ենք, որ բողոքելու ենք մինչեւ վերջ: Հերիք եղավ, այլեւս թույլ չենք տալու, որ իրենք շարունակեն իրենց անօրինականությունը: Ամբողջ թանգարանն է այլեւս դեմ, բոլորն են պայքարելու»,-հայտարարեց Աննիկի դուստրը՝ Ամալյա Վարդանյանը:
Ամալյա Վարդանյանը պատմեց նաեւ, որ վիճաբանությունն առաջացել է այն պատճառով, որ մի քանի աշխատակցի կրճատել է կամեցել տնօրենը:
«Ինքը ժողով է արել, ես այդտեղ չեմ եղել, քանի որ ինձ ուղարկել է արձակուրդ: Ուղարկել է այն պատճառով, որ բողոքել եմ իմ իրավունքների համար: Ինձ մի քանի ամիս աշխատացրել է, իսկ գումարը իմ փոխարեն բարձր գներով վճարում է սիրուհուն՝ Վարդիկին, որը մի ժամանակ նաեւ իմ ընկերուհին է եղել: Ես բողոքել եմ, ինձ ուղարկեց արձակուրդ: Իսկ երեկ ինքը ժողով է արել, մի քանի հոգու ուզեցել է կրճատել, կանայք ըմբոստացել են: Ասել են՝ գոնե շուտ ասեիր, գործ ման գայինք: Ինքը ուզում է ազատվել բոլոր նրանցից, ովքեր գիտեն իր անօրինականությունների մասին, եւ կարող են բերան բացել եւ խոսել: Ես, մայրս, մի քանի հոգի շատ լավ գիտենք՝ ինչպես է թանգարանի հաշվին մեքենա գնել սիրուհուն, ինչպես է թալանելու փորձեր արել… Ինքը ցանկանում է ազատվել մեզանից: Իսկ ծեծը եղել է այն բանի համար, որ մաման բողոքել ու ասել է, որ ինքը կպատմի ամենը, ինչ գիտի: Այդտեղ ընկերուհին հասել է հետեւից ու սրահի մեջ քաշքշել, խփել ա մամայի դոշին, հետո վրա է հասել ինքը ու բռունցքներով մամայի դոշին, թեւերին ու պարանոցին… Որից հետո մաման զանգել է տուն ու մենակ մի բան է ասել՝ շտապօգնություն… հիմա կարեւորը մամայիս առողջական վիճակն է, նրան ստացիոնար բուժման են ենթարկում: Մայրիկը խոսում է, բայց նա ցավեր ունի եւ ծանր շնչառություն: Պարանոցի եւ դոշի մասում է արյան զեղում եւ մեկ էլ պարանոցի մասում էլի հարված կա»:
Ամալյա Վարդանյանի պատմելով՝ առաջին անգամ չէ, որ տնօրեն Կ. Արիստակեսյանը իրեն նման կերպ է պահում: Նա, ըստ աշխատակիցների, սովորաբար հայհոյում ու վատ է վարվում իր աշխատակիցների հետ, հրում ու ծեծում է:
«Ինքը պարծենում է, ասում է՝ ես 17 դատ եմ շահել: Ինքը թանգարանի փողերով աճեց եւ բարգավաճեց, ընկերուհուն ավտոմեքենա առավ, էսօր էլ դատարաններով աշխատողներին ճնշում ու ծեծում է: Անընդհատ սրան է կանչում վիրավորում, նրան է կանչում վիրավորում, բոլորն էլ պատրաստ են, որ խոսեն:
Ինքը որոշ ժամանակ առաջ նաեւ զոհվածի տղայի ծեծեց վերեւում ու աշխատանքից ազատեց: Իր պապան զոհված ազատամարտիկ է, էդ երեխին հանեց գործից, իսկ մայրը ձայն չհանեց, քանի որ ինքը աշխատում է: Իրա տղան կրճատվեց գնաց: Էլի ծեծկռտուք, էլի աղմուկ, երեխին ծեծել էր, գործից հանեց: Անունը Արտյոմ էր, հոր անունը՝ Գալուստ, մահացած է հայրը: Իրա թիկունքը պաշտպանության նախարարությունից Վարդան Ավետիսյանն է, ասում են՝ ինքը Ավետիսյանի հետ է մոտիկ: Նա էլ իր հերթին շատ մոտ է Սերժին»:
Ամալյա Վարդանյանի խոսքով՝ ինքն ու մայրը տեղյակ են նաեւ թանգարանում մի շարք կասկածելի դեպքերի, որոնց մասին տնօրենը վախենում է, որ կիմանան շրջապատում:
«Երկու տարի առաջ թանգարանի սրահում նոր զարգացումներ եղան, գողություններ, հետո վախեցավ, ասաց` ինչու ինձ չէիք ասում, բայց ասել էի բաժնի վարիչներին, որ ասեին: Ամեն օր մի ցուցափեղկ էր բացվում: Մամաս պահանջում էր, որ ոստիկաններ գային եւ բացահայտեին: Ասում էր՝ պարոն Արիստակեսյան, քննիչները կգան, նրանք իմ ու ձեր նման չեն, կգան եւ կգտնեն, կիմանանք` ով է, հերը կանիծեն: Բայց ինքը ծածկադմբոց արեց, ինչո՞ւ… Ամեն օր մի ցուցափեղկ բացվում էր ու մեջը լրիվ զենք էր, հիմա էլ ինքը վախում ա, հենց նման բան ենք ասում ու ցանկանում է ազատվել մեզանից ու էլի մի շարք մարդկանցից»:
Մանրամասները` galatv.am-ում