Սիրիայում Հայ առաքելական եկեղեցու թեմական առաջնորդ տեր Արմաշ արքեպիսկոպոս Նալբանդյանը դիմել է Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին դառնալ խաղախարար և այցելել Սիրիա, ինչն, ըստ հայ հոգևորականի, կարող է խաղաղություն բերել Սիրիայի ժողովրդին։ Արքեպիսկոպոսը հարցազրույց է տվել ռուսական Izvestia թերթին։
«Ես կցանկանայի անձամբ դիմել նորին Սուրբ օծությանը, Ռուսական ուղղափառ եկեղեցու պատրիարք Կիրիլին՝ խնդրելով նրան դառնալ խաղաղության առաքյալ սիրիացի ժողովրդի համար։ Ես շատ կցանկանայի, որպեսզի նա այցելի Սիրիա։ Հնարավոր է, որ դա վերջ դնի պատերազմին», — նշել է տեր Արմաշ արքեպիսկոպոսը՝ հավելելով, որ Կիրիլի ձայնին ունկընդիր են լինում։ Բացի այդ, հայ հոգևորականը նաև կոչ է արել Կիրլին խոսել այս խնդրի մասին աշխարհում և բարձրաձայնել Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների մասին։
Բացի Կիրիլին ուղղված խնդրանքներից, տեր Արմաշ Արքեպիսկոպոսը խոսել է նաև Քեսաբում տեղի ունեցող իրադարձությունների մասին՝ նշելով, որ այսօր խոսքը միայն հայերի մասին չէ, քանի որ պատերազմից տառապում են նաև այլ քրիստոնյա և մուսուլման էթնիկ խմբեր։