Սիրիայում ծավալվող իրադարձությունները չշրջանցեցին նաև այդ երկրի տարածքում ապրող հայերին: Հայկական թաղմասերը ևս հայտնվել են վտանգի առջև: Հայտնի է, որ հայերի մեծ մասը Սիրիայում ապրում է Հալեպ քաղաքում: Համացանցը և հատկապես ֆեյսբուք սոցիալական ցանցը մեծ հնարավորություններ են տվել տեղեկություններ ստանալու, թե ինչ վիճակում են Սիրիայում ապրող հայերը :
Հունվարի 14-ին Երևանում հալեպահայերի հանդիպում տեղի կունենա, որի նպատակը կլինի համացանցն ավելի օպտիմալ օգտագործելը: Հանդիպման ընթացքում կքննարկվեն Սիրիայում ապրող հայերի խնդիրներ. «Հանդիպումը վերաբերում է հալեպահայերի ֆեյսբուքյան այն խմբերի անդամներին, որոնք ունեն մոտ 14 հազար հետևողներ: Պիտի քննարկվեն սիրիահայությանը հուզող թեմաներ Հալեպում, Հայաստանում կամ այլուր»,- AraratNews.am-ի հետ զրույցում ասաց հանդիպման կազմակերպիչներից, Դուբայում բնակվող Հրաչ Քալսահակյանը՝ ավելացնելով, որ հանդիպումը տեղի կունենա «Էրեբունի պլազա» հյուրանոցում:
Հանդիպմանը մասնակցելու համար արտերկրից Երևան կգան հինգ հալեպահայեր, իսկ մասնակիցները կլինեն ավելի քան 100-ը, որոնք կլինեն Հայաստանից: Հանդիպման ավարտին կտրվի նաև մամուլի ասուլիս, որտեղ կներկայացվեն այն հարցրեը, որոնք կքննարկվեն հանդիպման ընթացքում: