Սիրիական բանակի առաջապահ ջոկատները 2014 թվականից ի վեր առաջին անգամ մտել են երկրի հյուսիսի Ռաքա քաղաք: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ռազմադաշտային մի աղբյուր: Գործակալության զրուցակիցը հավելել է, որ կառավարական զորքերը տեղակայել են իրենց դիտակետերը:
2014 թվականին Ռաքան գրավել էին «Իսլամական պետության» ահաբեկիչները, քաղաքը փաստորեն դարձել էր զինյալների միջնաբերդը: 2017 թվականի հոկտեմբերին «Սիրիական դեմոկրատական ուժերի» բազմամսյա գործողության արդյունքում, որոնց աջակցում էր միջազգային կոալիցիայի օդուժը, քաղաքն ազատագրվեց:
Համատարած ռմբակոծումների եւ ամերիկամետ քրդական կազմավորումների գործողությունների ընթացքում Ռաքան ավերվեց: Քաղաքը մինչ այժմ վերականգնված չէ: Սիրիայի ԱԳ նախարարությունը Ռաքայի ազատագրման համար կոալիցիայի գործողությունները որակել էր ցեղասպանություն: