Նախկին պատգամավոր, գործարար Ալեքսան Պետրոսյանի («ՄԱՊ–ի Ալիկի») գործով գործարար Սիլվա Համբարձումյանը եւ ՄԱՊ-ի Ալիկի որդին՝ Մակար Պետրոսյանն առերեսվել են։
Այս մասին ահայտնել է Սիլվա Համբարձումյանը՝ նշելով, որ առերեսում եղել է դեռեւս Ալեքսան Պետրոսյանին մեղադրանք առաջադրվելուց առաջ։ Իսկ այս գործով դեռ չի հարցաքննվել։
Լրատվականի հնչեցրած այն հարցին, թե ինքն ի՞նչ կապ ունի Ալեքսան Պետրոսյանի գործի հետ, պատասխանեց.
«Արամ Հարությունյանն իրենց հետ 14 միլիոն դոլարի փոխառության պայմանագիր է կնքել. գուցե այդ կապակցությամբ։ Հավանաբար Արամ Հարությունյանը Ալիկ Պետրոսյանի միջնորդությամբ է գումարներ լվացել»։
Պետրոսյանը կալանավորվել է բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Ձերբակալված է եղել նաեւ Մակար Պետրոսյանը, սակայն որոշ ժամանակ անց ազատ արձակվել:
Պետրոսյանը մեղադրվում է փողերի լվացմանն օժանդակելու մեջ:
Հատուկ քննչական ծառայությունը Ալեքսան Պետրոսյանի եւ նրա որդու գործի վերաբերյալ որեւէ մեկնաբանություն չի տալիս: