ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ Արտաշես Զիրոյանը կարծում է, որ Սեւանի ջրառի ավելացումը ոչ մի բացասական դեր չի խաղա Սեւանի էկոհամակարգի վրա:
«Եթե մենք կարողանանք Արփա- Սեւանը աշխատեցնել, ապա խնդիր չի լինի, գետերը իրենք կարողանում են ապահովել այդ ջրային հոսքը»,-ասում է Զիրոյանը Araratnews.am-ի հետ զրույցում:
Հիշեցնենք, որ այս տարի Կառավարությունը որոշում էր կայացրել Սեւանի ջրառը ավելացնել 70 մլն խմ-ովˋ 170-ից դարձնելով 240 մլն խմ:
«Այսօր Սեւանը մոտավորպես 38 մլրդ խմ ջուր ունի եւ բոլոր հաշվարկները կան: Երբ որ մենք քննարկում էինք Սեւանի մասին օրենքը, մոտավորապես նվազագույն չափը, որ պետք է բաց թողնվի Սեւանից, որպեսզի չճահճանա, այսինքն կենսաբանական մաքրում լինի, պետք է բաց թողնվեր 100-170 մլն խմ, իսկ առավելագույնը մենք նախատեսել էինք մինչեւ 300-350 մլն խմ: Այսինքն, եթե անհրաժեշտություն լիներ, կամ խիստ չորային տարի լիներ, այդ դեպքում»,-ասում է Զիրոյանը:
Ըստ նրա, Սեւանի ջուրը պետք է ավելացնել, քանի որ ջրամբարների կառուցման պայմաններում այսօր Հայաստանի մակերեւույթի վրա ջրի մոտավորապես 1 մլրդ խմ-ն է ապահովվում:
«Մնացածը կորչում, գնում է գետերով: Մենք պետք է խնդիր դնենք այսօր լուծենք այդ եւ հասցնենք այն մոտ 4-5 մլրդ խմ-ի: Իսկ Սեւանի ջուրը մենք պետք է ապագայում նախատեսնեք օգտագործել նաեւ բարտերային համակարգով: Կարող ենք Իրանին վաճառել, կամ անապատային երկրներին տալ»,-ասում է Զիրոյանը: