տուն Քաղաքական Սերժ Սարգսյանի ցայտնոտը

Սերժ Սարգսյանի ցայտնոտը

316
0

սեռյ

Դեռևս  նախընտրական քարոզարշավի ընթացքում Սերժ Սարգսյանի վարքագիծը սկսեց, մեղմ ասած, բազմաթիվ հարցերի տեղիք տալ: Հենց այս փուլում Սերժ Սարգսյանի թեթև ձեռքով շրջանառության մեջ դրվեցին տարաբնույթ ու երկիմաստ արտահայտություններ, որոնք համալրեցին ժողովրդական բանահյուսության առածանին` «եկել ես, որ ի՞նչ անես», ինչքան ուզենք էնքան կխփենք», «ինչպես ասում էր տատս» և այլն: Սակայն Սերժ Սարգսյանի ներկայիս քայլերն էլ են ոչ պակաս զարմանք հարուցում: Տպավորություն է ստեղծվում, որ Մոսկվայում Պուտինի հետ հանդիպումից և Մաքսային միություն մտնելու պատրաստակամություն հայտնելուց հետո ՀՀ նախագահը հայտնվել է ցայտնոտի մեջ: Օրեր առաջ Մոսկվայում , հայկական եկեղեցական համալիրի բացման հանդիսավոր արարողությանը, որին մասնակցում էին ՀՀ և ԼՂՀ պատվիրակությունները` նախագահների գլխավորությամբ,  չմասնակցեց ոչ միայն Վլադիմիր Պուտինը, այլեւ ռուսական իշխանական վերնախավի միջին օղակների չինովնիկությունը: Անզեն աչքով էլ ակնհայտ երևում է, որ այդ քայլով Պուտինը Սերժ Սարգսյանին և նրա վարչակարգին հասցրեց հերթական քաղաքական ապտակը: Միջազգային դիվանագիտական պրակտիկայում  նման արարողություններին պետական ղեկավար բարձր օղակների մասնակցությունը յուրօրինակ քաղաքական ժեստ է, իսկ իր քայլով Պուտինը հստակորեն ցույց տվեց, որ ՌԴ-ն վերաբերվում է Հայաստանին և վերջինիս իշխանություններին որպես կայսրության ծայրամասային գավառի և այդ գավառի ղեկավարության: Սակայն այս ամենից հետո Սերժ Սարգսյանը հանկարծ որոշում է շնորհավորական ուղերձ հղել Մոսկվային քաղաքապետ Սերգեյ Սոբյանինին` ընտրվելու կապակցությամբ: Հասկանալի է, որ Մոսկվան Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականության ուղեծրում շատ ավելի կարևոր տեղ է զբաղեցնում, քան ամբողջ հայաստանյան հասարակությունը, սակայն  նման քայլը հասարակական գիտակցությունը ընկալում է նվաստացուցիչ: Վերջիվերջո,  անկախ այն բանից, որ Մոսկվայում գուցեև բնակվում է այնքան հայ, որքան Երևանում կամ ամբողջ Հայաստանում (ի դեպ այս պատկերը ևս վերջին տասնհինգ տարիներին ՀՀ վարչակարգի գործունեության արդյունքն է),  այնուամենայնիվ Մոսկվան այլ պետության մայրաքաղաք է և սուբորդինացիայի առումով Մոսկվայի քաղաքապետին կարող էր շնորհավորել ասենք Տարոն Մարգարյանը,   բայց ոչ երբեք ՀՀ նախագահը: Սակայն Սերժ Սարգսյանը չսահմանափակվեց այսքանով և  Գյումրի այցելության ժամանակ հանդիպեց նաև Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին և նրա որդուն:  Վերջիններս ներկա պահին անցնում են սպանություններով հարուցված երկու քրեական գործերով, իսկ ոչ պաշտոնական առումով նպատակահարմար չէ անգամ անդրադառնա,լ թե ովքեր են Վարդան Ղուկասյանը և նրա կլանի ներկայացուցիչները, և ինչպիսին է հանրային վերաբերմունքը վերջիններիս նկատմամբ: Սերժ Սարգսյանի վերոհիշյալ քայլերը նկատի ունենալով, ընդամենը կարող ենք փաստել, որ մենք ականատես ենք լինում հայաստանյան իշխանության ճգնաժամին, որն իհարկե չի նշանակում է, թե վաղը կամ մյուս օրը ներկա վարչակարգին մենք հրաժեշտ ենք տալու: Սա արդեն բոլորովի այլ քննարկման թեմա է:

Աղասի Մարգարյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here