տուն Քաղաքական Վերլուծական Պատմությունը կրկնվում է. ռուսական սպառնալիքի ներքո

Պատմությունը կրկնվում է. ռուսական սպառնալիքի ներքո

349
0

detail_8fd9e8195fcf810f02de241a88ba261d

«Ազատություն» ռադիոկայանին տված հարցարույցում Ռուսաստանի միության նախագահ Արա Աբրահամյանը վերջապես հաստատել է, որ դեկտեմբերի 2-ին Վլադիմիր Պուտինը կայցելի Հայաստան: Պուտինի «չարչրկված» այցի մասին խոսվում էր շուրջ մեկ տարի: Հայաստանյան իշխանությունները ամեն ջանք գործադրեցին, որպեսզի այդ այցը տեղի ունենար նախագահական ընտրություններից առաջ` ինչը կընկալվեր որպես «դաբրո» Սերժ Սարգսյանին, սակայն դա չստացվեց, այնուհետև փորձ էր արվում այցը գլուխ բերել ընտրություններից հետո, ինչը նույնպես չստացվեց: Ինչ վերաբերում է դեկտեմբերի 2-ին, ապա նշենք, որ Վիլնյուսյան գագաթնաժողովը տեղի է ունենալու նոյեմբերի 29-ին, ուստի Պուտինի այցը լինելու է Վիլնյուսից հետո, իսկ մինչ այդ, ամենայն հավանականությամբ, Պուտինը հայաստանյան իշխանություններին զսպաշապիկի մեջ է պահելու` բացառելով Հայաստանի կողմից Վիլնյուսում՝ շատ թե քիչ լուրջ փաստաթղթի ստորագրման տեսական հնարավորությունը: Եթե վերջնականապես հաստատվի, որ այդ այցը կայանալու է հենց դեկտեմբերի 2-ին, ապա կարող ենք ասել, որ մենք ականատեսն ենք պատմության հեգնանքին:

1920 թվականի նոյեմբերի 29-ին, Սարգիս Կասյանի գլխավորությամբ, Ռազմհեղկոմը «աշխատավոր ժողովրդի» տեղի չունեցած հեղափոխության անունից  հայտարարեց  Հայաստանում սոցիալիստական հեղափոխության հաղթանակի մասին, սակայն Լենինի շնորհավորական ուղերձը ուշացավ  մինչև դեկտեմբերի 2-ը, երբ Հայաստանի և ՌԽՖՍՀ-ի միջև ստորագրվեց համաձայնագիր, համաձայն որի՝ Հայաստանը հայտարարվում էր սոցիալիստական հանրապետություն, իսկ կառավարությունը հրաժարվում էր ամբողջ իշխանությունից, որն անցնում էր ժամանակավոր ռազմահեղափոխական կոմիտեի ձեռքը: Դժվար է ասել, արդյո՞ք  Պուտինի կողմից դեկտեմբերի 2-ի այցելությունը պայամանավորված է նաև այդ օրվա խորհրդանշանակությամբ, սակայն մի բան ակնհայտ է` Պուտինի այցը ոչ մի լավ բան չի խոստանում: Նախագահի պաշտոնում Վ.Վ. Պուտինի  առաջին այցը Հայաստան, ընդ որում բավական ներկայացուցչական կազմով, տեղի ունեցավ 2001 թվականին: Այդ այցի ժամանակ ստորագրված համաձայնագրերով մեկնարկեց «Գույք՝ պարտքի դիմաց» ծրագիրը, որի արդյունքում հետզհետե ռուսական գերիշխանության տակ հայտնվեցին Հայաստանի էներգետիկան, հեռահաղորդակցության ուղիները, երկաթուղին, մի խոսքով ցանկացած երկրի համար առաջնային կարևորություն ներկայացնող ոլորտները:

Պարզ է, որ ներկայիս այցի հիմքում դրված Մաքսային միությանն անդամակցության շուրջ քննարկվելիք հարցերն ու համաձայնագրերը եթե նկատի ունենաք, որ հաճախ Մաքսային միությունը համեմատում են Խորհրդային միությունը վերածնելու փորձի հետ, ապա կարող ենք ասել, որ Հայաստանը շուրջ մեկդարյա հետընթաց է ապրում` վերադառնալով 1920 թվական: Ամենայն հավանականությամբ, Պուտինի այցից հետո, ներկա իշխանությունները հերթական խոշոր քայլը կկատարեն Հայաստանի ինքնիշխանությունը զիջելու ճանապարհին:  Այս հեռանկարի պայմաններում առնվազն անհասկանալի է Պուտինի այցի հետ կապված հայաստանյան իշխանությունների ինքնամոռաց խանդավառությունը, ինչը նաև ցույց է տալիս, որ ներկայիս հայաստանյան իշխանությունն ու վարչակարգը վերջնականապես սպառել է իրեն և հանդիսանում է երկրի ու պետականության հետագա զարգացման առաջնային խոչընդոտը:

Աղասի Մարգարյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here