Երեկ տեղի ունեցավ երթ՝ ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի և մյուս քաղբանտարկյալների, որի հիմնական և առաջնային պահանջն էր՝ վերացնել քաղբանտարկյալների տեսակցությունների արգելքը: Երթին մասնակցում էին տարբեր քաղաքական ուժերի, քաղաքացիական խմբերի անդամներ: Սակայն հենց սկզբում երթի նախաձեռնողներից ոմանք հայտարարություններով հանդես եկան ԿԳԲ-ի, ԿԳԲ-ի գործակալների և նրանց կողմից ԿԳԲ-ի արխիվները Ռուսաստանին հանձնելու մասին: Եվ այդ ամենի մեջ մեղադրվում էին ՀՀ բոլոր երեք նախագահները, իսկ արխիվները հանձնելու մեջ` մասնավորապես Լևոն Տեր-Պետրոսյանը:
Ոմանք կասեն, թե դա ինչ կապ ունի Շանթ Հարությունյանի և մյուս քաղբանտարկյալների հետ: Սակայն Շանթ Հարությունյանի անվան հետ կապված որևէ գործընթացում ուղղակի անհնար է չառնչվել ԿԳԲ անվան հետ: Այս իրավիճակում էլ լրիվ օրինաչափ էին թե՛ ԿԳԲ-ի մասին հայտարարությունները, թե՛ Մաքսային միության և ռուսական կայսերապաշտության դեմ ինքնիշխանության հետ կապված ելույթները: Հենց այս ամենն են, որ կազմում են Շանթ Հարությունյանի և մյուս քաղբանտարկյալների կողմից ձևակերպված քաղաքական օրակարգի մաս, և նրանց էլ պահում են կալանավայրում՝ այդ ամենի մասին խոսելու, բարձրաձայնելու, ՀՀ ինքնիշխանության համար պայքարելու համար:
Նման պայմաններում առնվազն արհեստական կլիներ խոսել քաղբանտարկյալների մասին, առանց նշելու վերջիններիս պայքարի և ճաղերի հետևում հայտնվելու պատճառների մասին: Սակայն միևնույն ժամանակ անհասկանալի էր Շանթին և մյուս տղաներին ճաղերի հետևն ուղարկած այս վարչախմբի և դրա գլուխ կանգնած Սերժ Սարգսյանի անունից ավելի Լևոն Տեր-Պետրոսյանի անվան շոշափումը: Իհարկե, հնարավոր է այս քաղաքական գործիչը ժամանակին թույլ է տվել բազմաթիվ սխալներ, բայց ներկայումս նա և նրա ղեկավարած քաղաքական ուժը հանդիսանում են ռեժիմի դեմ պայքարող ուժերից: Այն ռեժիմի, որի տապալման դեպքում միայն հնարավոր է խոսել ՀՀ ինքնիշխանության կայացման մասին:
Սա չի ենթադրում, որ չպետք է խոսել անցյալի սխալների մասին, բայց նման իրավիճակում մոռանալ հիմնական թիրախը և թիրախավորել այդ թիրախի դեմ պայքարողներից մեկին՝ առնվազն միամտություն է, եթե ոչ ի օգուտ գործող ռեժիմի իրականացված քայլ: Սերժ Սարգսյանի ռեժիմի տապալումից հետո միայն կարելի է փաստարկված խոսել մյուսների սխալների մասին՝ թե´ պատմական իրողությունները վեր հանելու համար, թե´ նման անձանց վարչակազմից ներս չթողնելու նպատակով:
Սևակ Մամյան