տուն Լուրեր Սերժ Սարգսյանի իշխանությունը Հովիկ Աբրահամյանի համար միակ հաստատությունն է

Սերժ Սարգսյանի իշխանությունը Հովիկ Աբրահամյանի համար միակ հաստատությունն է

190
0

Serj_Hovik

Մի քանի օր առաջ լրացավ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման 100 օրը: Հիշեցնենք, որ նա վարչապետի պաշտոնում նշանակվեց սույն թվականի ապրիլի 13-ին ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստերից հետո: Պաշտոնավարման 100-րդ օրը լրանալուն պես իշխանության կերակրատաշտից օգտվող լրատվամիջոցներն ու քաղաքական գործիչները սկսեցին մատնանշել ու թվարկել այն խնդիրները, որոնք այս օրերի ընթացքում Հովիկ Աբրահամյանը «լուծել է»: Բայց եկեք իրականությանը նայենք սթափ ուղեղով ու փորձենք հասկանալ, թե ինչ է փոխվել այս 100 օրերի ընթացքում կամ ինչ ունենք այսօր, որ չունեինք նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարման օրոք, բացի նրանից, որ կառավարության շենքի դիմաց տեղի ունեցող բողոքի ակցիաների և ցույցերի ժամանակ իջնում է ներքև և ցուցարարներին հերթական չիրականացվող  խոստումն է տալիս: Իսկ հիմա սկսենք սկզբից: Պաշտոնավարման հենց առաջին օրերին Հովիկ Աբրահամյանը խոստացավ լուծել կենսաթոշակայինի պարտադիր բաղադրիչի հարցը և տեսանք` ինչ եղավ: Փոխվեց ընդամենը պարտադիր բաղադրիչի ձևակերպումը ու վերջ: Սրան հաջորդեց էլեկտրաէներգիայի 10 տոկոսով թանկացումը, իսկ կառավարությունը՝ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ, այդպես էլ չհիմնավորեց այդ թանկացումը: Անցած 100 օրերի ընթացքում կառավարությունը նախաձեռնեց ոռոգման նպատակով Սևանից ահռելի քանակությամբ լրացուցիչ ջուր բաց թողնել, քանի որ Արարատյան դաշտավայրում գտնվող խորքային հորերի մի զգալի մասը բնապահպանական նկատառումներով փակվել էին: Սակայն, հետագայում եւ փակված հորերը վերաբացվեցին, եւ Սևանից լրացուցիչ ջուրն է բաց թողնվում: Ընդամենն այսքանով կարելի է բնութագրել Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման 100 օրը:

Այս ամենից հետո  կարելի է մի փաստել, որ նորանշանակ վարչապետը վաղուց արդեն ապացուցել է, որ ինքը ոչինչ չի կարող անել, և որ Սերժ Սարգսյանի իշխանությունն իր համար միակ հաստատությունն է:

Նա միշտ եղել է գործող իշխանության կարկառուն ներկայացուցիչ։ Ավելին՝ նա այն մարդկանցից է, ով մեծ ներդրում ունի այն ամենի մեջ, ինչ այսօր ունենք: Հովիկ Աբրահամյանը երկիրն այս վիճակին հասցնողներից մեկն է, և սպասել, որ նա իր գործունեությամբ ինչ-որ դրական փոփոխություն է իրականացնելու, մեղմ ասած, միամտություն կլինի: Ճիշտ է, 100 օրը շատ կարճ ժամանակ է վերջնական գնահատական տալու համար, բայց միևնունն է, եթե անցնի մեկ տարի էլ, էլի բան չի փոխվի, քանի որ համակարգային առումով նույն կառավարությունն է:

Էմմա Պալյան