Հայաստանցիների 45 տոկոսը բոլորովին չի վստահում ՀՀ նախագահին: Սա երևում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պատվերով Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնների (ՀՌԿԿ) իրականացրած հարցման արդյունքներից: Հարցվածների 13%-ն էլ չի վստահում նախագահին «որոշ չափով»: Լիովին վստահում է Սերժ Սարգսյանին հարցվածների 6%-ը, «որոշ չափով» է վստահում՝ 20%-ը: Այսինքն՝ հարցվածների միայն 26%-ն է վստահում Սերժ Սարգսյանին, իսկ չի վստահում՝ 58%-ը: 2%-ը «չգիտեմ» պատասխանն է տվել, 14%-ը՝ «ոչ վստահում եմ, ոչ չեմ վստահում» պատասխանը:
Պետական ինստիտուտներից ամենացածր վստահություն ունի Ազգային Ժողովը: Այս կառույցին բոլորովին չի վստահում հարցվածների 47%-ը, որոշ չափով չի վստահում 18%-ը, «ոչ վստահում եմ, ոչ չեմ վստահում» պատասխան տվել է 15%-ը, «որոշ չափով վստահում եմ»՝ 16%-ը, «լիովին վստահում եմ»՝ 2%-ը:
ԱԺ-ից հետո ամենաանվստահելին կառավարությունն է, որին ընդհանրապես և որոշ չափով չի վստահում հարցվածների 63%-ը: Սահմանադրական դատարանին չի վստահում 48%-ը, վստահում է՝ 26%-ը: Դատական համակարգին չի վստահում 49%-ը, վստահում է 28%-ը: Հարկային ծառայությանը չի վստահում հարցվածների 46%-ը, վստահում է՝ 24%-ը: Մաքսային ծառայությանը չի վստահում հարցվածների 46%-ը, վստահում է՝ 16%-ը:
ՀՌԿԿ-ն հետազոտությունն իրականացրել է 2013-ի սեպտեմբերից դեկտեմբեր ամիսներին՝ ընդգրկելով 1448 տնային տնտեսության և 400 հարկ վճարող կազմակերպության և անհատ ձեռնարկատերերի: