ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը Araratnews.am-ի հետ զրույցում անդրադարձավ կուտակային կեսնաթոշակների մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի տեսակետներինˋ հնչեցված օրեր առաջ Երկրապահ կամավորականների միության 10-րդ համագումարին:
«Նախ Երկրապահ կամավորականների միության համագումարը հասարակական կազմակերպության համագումար է, եւ անհամարժեք էր հարց ու պատասխանի ժամանակ նախագահի հնչեցրած մոտեցումներն ու ցանկությունները առ այն, որ էմոցիաները փոխանցվում են հասարակական կազմակերպության անդամներին, որ նրանք էլ կարողանան իրենց շրջապատում տարածել այդ տեսակետը: Պարզից էլ պարզ է, որ կոնկրետ պարտադիր կուտակայինի մասով սա քաղաքական դիրքորոշում է»-ասում է Արծվիկ Մինասյանը:
Նա նշում է, որ նախագահի կողմից ՀԿ-ի համագումարին քաղաքական դիրքորոշման արտահայտումը նշանակում է ուղղորդել ՀԿ-ինˋ այդ քաղաքական նպատակին հասնելու համար:
Ըստ նրաˋ սա օրենքով արգելված գործողություն է:
«Նախագահը կարող էր արտահայտել իր մոտեցումը, բայց կարծում եմ՝ նա պետք է զսպեր իրեն 2 պատճառով: Առաջինը, որ գործը գտնվում է Սահմանադրական դատարանում, հետեւաբար երկրի նախգահը, ի տարբերություն այլ կուսակցությունների ղեկավարների, ունի օբյեկտիվ հնարավորություն ճնշելուˋ իր տեսակետը հրապարակային ներկայացնելու առումով, ինչը բնականաբար կարող է նաեւ կաշկանդել Սահմանադրական դատարանին»,-ասում է Մինասյանը:
Պատգամավորը կարծում է, որ բացարձակապես անհամարժեք է նաեւ հանրության 80 տոկոսի դեմ լինելու եւ, այնուամենայնիվ, փոքրամասնության տեսակետը առաջ մղելու ցանկությունը հրապարակայնացնելը:
«Սա պարզապես անընդունելի մոտեցում է: Այն երկրներում, որտեղ որ հասարակության 80 տոկոսը չի եկել համաձայնության երկրի փոփոխությունների շուրջ, այդ փոփոխությունները հետաձգվել են, քննարկվել են՝ մինչեւ հասնեն այդպիսի համաձայնության: Մեզ մոտ ներդրվող մոդելը աննախադեպ է, չկա որեւէ երկիր, որ այս մոդելը այս ձեւով ներդնի: Պարտադիր բաղադրիչը ռեֆորմ չէ, բարեփոխում չէ, սա պարտադրանք է: Եվ չգնալ, չխոսել հասարակության հետ, չստանալ նրանց արձագանքը, աջակցությունը այն մեխանիզմի վերաբերյալ, որը որ պետք է գործադրվի, ու պնդել, որ ամեն դեպքում «անելու ենք», սա խոսում է այն մասին, որ այսպիսի ռեֆորմի հեղինակները կապ չունեն մեր իրական վիճակի հետ»,- եզրափակում է Արծվիկ Մինասյանը: