Օրերս Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հեռախոսազրույց նրա և Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում, ըստ պաշտոնական հայտարարության Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են հայ-ռուսական երկկողմ համագործակցությանը վերաբերող, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք արդիական հարցեր:
Հետքրքրական է, որ այս ընթացքում Ռուսական կողմը մի քանի անգամ զանգահարել է Բելառուսի և Ղազախստանի նախագահներին: Ըստ էության, Սերժ Սարգսյանն ու նրա ղեկավարած վարչակարգը հերթական անգամ չունենալով քաղաքական հոտառություն, մեզ դրեցին ծանր ու ծիծաղելի վիճակում: Պաշտոնական հայտարարությունում ասվում է, որ «անդրադարձել են Ղրիմում հանրաքվեի անցկացումից հետո ստեղծված իրավիճակին և արձանագրել, որ այն հանդիսանում է ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակը»:
Այս հեռախոսազրույցին հաջորդեց Ուկրաինական «Սվոբոդա» կուսակցության ղեկավար Օլեգ Տյագնիբոգի՝ Ռադայում հնչեցրած պահանջը` Հայաստանից հետ կանչել Ուկրաինայի դեսպանին:
Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերնը ափսոսանք է հայտնել պաշտոնական Երևանի դիրքորոշման վերաբերյալ, որն արտահայտել է Սերժ Սարգսյանը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում:
Իրականում ոչմի զարմանալի բան չկա:
Դեռ անկախության առաջին օրերից Հայաստանն ընտրեց ինտեգրացիոն ռազմավարություն, իսկ քաղաքական ղեկավարությունները, մեկը մյուսին հաջորդելով, վերցրեցին «Եվ եւ»-ի մարտավարությունը, ընկնելով երկու քարի արանք: Մաքսային Միության անդամակցության որոշումը ի վերջո ապացուցեց, որ «Եվ եւ»-ի քաղաքականությունը երկար կյանք չի կարող ունենալ:
Անհրաժեշտ չեզոքությունը, որը պահանջվում էր արտաքին հարաբերություններում, ինչպիսին ունեն օրինակ Շվեյցարիան, Իսրայելը և այլ պետություններ, այդպես էլ մնաց բարի ցանկություն:
Արմեն Մկրտչյան