«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը կարծում է, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը պարտադրված էր: Այսօր լրագրողների հետ ասուլիսի ժամանակ ասաց նա:
«Օֆշորային սկանդալից եւ դրանից բխող գործարքներից հետո իրեն հարգող յուրաքանչյուր պետական, քաղաքական գործիչ պետք է հրաժարական տար: Բայց Տիգրան Սարգսյանը այն ժամանակ հրաժարական չտվեց: Եթե այն ժամանակ չտվեց, ինչու հիմա պետք է տար, այսինքն պարտադրվել է հրաժարականը»,-ասաց Մակեյանը:
Նա կարծում է, որ Հայաստանում վարչապետի հրաժարականից հետո, ոչինչ չի փոխվի, քանի որ շատ քիչ բան է կախված «կատարող», «օպերատոր» վարչապետից:
«Մեր 12 վարչապետներից կարելի է բացառել Վազգեն Մանուկյանին եւ Հրանտ Բագրատյանին: Մնացացածը եղել են կատարողներ: Տիգրան Սարգսյանը եղել է վատագույն կատարողներից մեկը: Իսկ թե ով է լինելու ապագա վարչապետը, կարծում եմ անձը բացարձակ էական չէ: Եթե տեսականորեն Ռոբերտ Քոչարյանը լինի, կարելի է համոզված ասել, որ Սերժ Սարգսյանը աշխատելու է Քոչարյանի մոտ նախագահ, ինչը Սերժ Սարգսյանը չէր ցանկանա»,-ասաց Մակեյանը:
Նա կարծում է, որ Սերժ Սարգսյանի համար ցանկալի կլինի այն վարչապետը, ով օպերատորի դեր կկատարի ընդամենը: