տուն Քաղաքական Հայաստան Սերժ Սարգսյանը ոչ մի բան է, որ ժողովրդին պատկանող իշխանությունը որևէ մեկին...

Սերժ Սարգսյանը ոչ մի բան է, որ ժողովրդին պատկանող իշխանությունը որևէ մեկին նվիրի

421
0

«Այո»-ի քարոզարշավին մասնակցում է արձակուրդում գտնվող կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ վաղ առավոտից Նիկոլ Փաշինյանը, որին ուղեկցում էին նաև վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ու Աժ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, Սյունիքից սկսեց քարոզարշավը՝ լինելով Ագարակ, Մեղրի, Քաջարան, Կապան քաղաքներում:

Ագարակցիները ողջույններով ու ծափահարություններով ընդունեցին Փաշինյանին ու իր թիմին: Վարչապետը, դիմելով ագարակցիներին, նախ շնորհակալություն հայտնեց ակտիվության համար: Ապա խոսեց ժողովրդի իշխանության մասին: Կառավարության ղեկավարն ասաց, որ իշխանության տերը ժողովուրդն է, ապա ներկայացրեց հանարաքվեի բուկլետը և հորդորեց այն պահպանել որպես հուշ: Վարչապետն ընդգծեց, որ Հայատանի Հանրապետության քաղաքացին պետք է ընտրակաշառք չվերցնի, հեղափոխությունը նրա համար էր, որ բոլորս հավասար ենք: Հորդորեց մասնակցել հանրաքվեին և իրենց քվեով ռոբասերժական վերջին մնացորդներից մաքրել երկիրը:

Քարոզարշավի հաջորդ կանգառը Մեղրին էր: Վարչապետը Մեղրիում մանրամասն ներկայացրեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անցկացնելու կարևորությունը: Ընդգծեց, որ միայն հանրաքվեի միջոցով երկրում իրավական անկախ իշխանություն կհաստատվի, առանց իշխանական կապանքների: Իշխանությունը վերադարձվել է ժողովրդին: Հայաստանում հեղափոխությունից հետո եղել է ընտրություններ, որի արդյունքը չի վիճարկվել: Բոլոր ընտրություններում ընտրել է ժողովուրդը: Փաշինյանն ասաց, որ ինքը իր երկու ձեռքերը կկտրի, բայց թույլ չի տա, որ ընտրությունը կեղծվի, և ինքն անձամբ կկտրի նաև նրանց ձեռքերը, ովքեր կփորձեն կեղծել ընտրությունները: Սահմանադրական հանրաքվեով մենք պետք է վերականգնենք բոլորիս իրավունքները:

«Գործող Սահմանադրական դատարանը չի ներկայացնում հայ ժողովրդին: Եվ ՍԴ-ն դարձել է բոլոր ընտրակեղծիքների տանիքը: Եվ այս հանրաքվեով մենք նրանց ասում ենք՝ գնացեք տուն: Եվ ժողովուրդը պետք է հաղթի: Գնացեք ընտրատեղամասեր ու այո ասեք ինքնիշխանությանը»,- ասաց Փաշինյանը:

Նրանք եղան նաև Քաջարանում: Նիկոլ Փաշինյանը ասաց, որ արդեն երրորդ անգամ է գտնվում այդ քաղաքում: Նա կարևորեց նման շփումները ժողովրդի հետ: Խոսելով ՍԴ-ի մասին՝ վարչապետը նկատեց, որ այս բարեփոխումներով Սահմանադրության մեջ գրվածը իրականություն է դառնալու: «Սերժ Սարգսյանը ոչ մի բան է, որ ժողովրդին պատկանող իշխանությունը որևէ մեկին նվիրի, Հրայր Թովմասյանը ոչ մի բան է, որպեսզի ժողովրդին պատկանող իշխանությունը որևէ մեկին նվիրի: Հայաստանի Հանրապետության քաղաքացին է որոշում իշխանության ճակատագիրը»,- ասաց Փաշինյանը:

Կառավարության ղեկավարն ընդգծեց, որ Հայաստանում տեղի ունեցած բոլոր դժբախտությունների, կեղծիքների, ընտրակեղծարարության միակ մեղավորը Սահմանադրական դատարանի անդամներն են: Այդ իսկ պատճառով վերջիններս ժողովրդի քվեով գնալու են տուն: Քաջարանցիներին վարչապետը կոչ արեց գնալ ընտրության և քվեարկել հօգուտ սահմանադրական բարեփոխումների:

Հաջորդ կանգառը Կապան քաղաքն էր: Կապանցիները մեծ ոգևորությամբ ընդունեցին Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին: Իր ելույթում վարչապետն ասաց, որ հին պատկերացմամբ Հայաստանում կար այն ընկալումը, որ «կեղտ» և «իշխանություն» բառերը իրար հետ կապ ունեն: Բայց այս իշխանությունը եկել է ծառայելու երկրին, ժողովրդին, Աստծուն, Հայրենիքին: Վարչապետն ասաց նաև, որ ինքը հպարտ է, որ այսօր կարող է նայել մարդկանց աչքերին և կարող է ուղիղ նայել, որովհետև ազնիվ է աշխատել: Հանրաքվեի մասին խոսելով՝ վարչապետն ընդգծեց. «Հայատանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է, և առաջացած այս խնդիրը մենք ինքներս պիտի լուծենք: Այն, ինչ ՀՀ քաղաքացին որոշի` օրենք է: Քաղաքացին «Այո» է ասելու իր ապագային, իր երկրին: Աշխարհում չկա ուժ, որ կարող է վիճարկել Հայաստանի ինքնիշխան քաղաքացու որոշումը: Թող սա բոլորը ականջներին օղ անեն: Կառավարությունը անցողիկ է: Հայաստանի քաղաքացին և ժողովուրդը հավերժ են»:

Կապանյան հանդիպման վերջում վարչապետը բազմիցս վանկարկեց «Եվ այդ մեկ մարդը դու ես» նախադասությունը, ապա հորդորեց գնալ ընտրության և քվեարկել  հանուն իրավական պետության: Քանզի յուրքանչյուրի քվեն կարևոր է և որոշիչ:

Հայկ Մագոյան