Այսօր Երևանի Մաշտոցի պուրակը անվանափոխվեց: Այսուհետև Մաշտոցի պուրակը կկոչվի Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի անունով:
Թվում է, թե խնդիր չկա, ամեն բան բնական է: Սակայն քաղաքացիական մի խումբ ակտիվիստներ բողոքի ակցիա էին կազմակերպել Մաշտոցի պուրակումˋ փորձելով արգելել անվանափոխությունը: Դեռևս երկու տարի առաջ Երևանի Մաշտոցի պուրակում ազդարարվեց քաղաքացիական շարժումների ծնունդը: Ճիշտ է, դրանից ամիսներ առաջ կար «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցներին» քաղաքացիական շարժումը, սակայն Մաշտոցի պուրակի պայքարը աննախադեպ էր: Նախ՝ առաջին անգամ գրանցվեց իրական արդյունք: Երկրորդը՝ պուրակում քաղաքացիական անհնազանդության տարբեր դրսևորումներ տեղի ունեցան: Ի վերջո, Սերժ Սարգսյանը դիմեց «Տարոն սիրուն չի» կոմբինացիային, սակայն դրա կեղծ ու անելանելությունից դրդված լինելը միանգամից նկատվեց:
Միսաք Մանուշյանի անվամբ պուրակը վերանվանելով, Հայաստանի Հանրապետության նախագահի աթոռը զբաղեցնող անձը մի գնդակով խփեց երկու նապաստակ: Նախ ցուցադրեց իր ֆրանսասիրությունը, երկրորդը սկսեց հասարակության հիշողությունից իր համար այդքան ատելի «Մաշտոցի պուրակ» անվանման ու սիմվոլի արմատախիլ անելու գործընթացը:
Իսկ ո՞վ է Միսաք Մանուշյանը:
Մանուշյանը ֆրանսահայ գործիչ է: 1943թ. Մանուշյանի գլխավորած խումբը մոտ 30 հարձակում են գործում գերմանական օկուպանտների վրա։ 1943 թ. նոյեմբերին, Մանուշյանը ձերբակալվում և տանջանքների է ենթարկվում և երեք ամիս անց, 1944 թվականի փետրվար 21-ին, իր խմբի 21 անդամների հետ միասին մահապատժի է ենթարկվում Փարիզի Սյուրեն արվարձանի Ֆորտ Մոն-Վալերյեն ամրոցում։
Արմեն Մկրտչյան
Լուսանկարը՝ Yerkir.am