![]()
Մեր հասարակության այն հատվածի համար, որ լավատեսորեն չէր տրամադրված (իսկ այդպիսիք շատ են, անկախ այն բանից, թե ինչ տոնայնություն է տիրում Ֆեյսբուքում) Հայաստանի արևմտամետ արտաքին քաղաքականության նկատմամբ, բավական ուշագրավ հայտարարություններ էին հնչում ու քայլեր էին արվում, հատկապես՝ Սերժ Սարգսյանի կողմից:
Հասարակության այն հատվածի համար էլ, որ լավ էր տրամադրված արևմտամետության հանդեպ ու դեռ հույս ուներ, որ մինչև Վիլնյուսյան գագաթնաժողովը ինչ-որ ձևաչափ հնարավոր կլինի մտածել ԵՄ-ի հետ հարաբերությունները առաջվա հուն վերադարձնելու համար, երեկվա օրը, անկասկած, վատ օրերի շարքից էր:
Իսկ եթե կտրվենք «դուր է գալիս»/«դուր չի գալիս» եզրույթներից, ապա երեկվա օրը հագեցած էր շատ ուշագրավ դրվագներով, որոնցից դատելով՝ կարելի է եզրակացնել, որ Եվրոպայից հնչած ազդանշանները դուր չեն եկել մեր ղեկավարությանը կամ չեն արդարացրել նրանց հույսերը, որովհետև առնվազն վերջին 5-10 տարիների ընթացքում Հայաստանը դեռ չէր դրսևորել նման՝ եթե ոչ հակաարևմտամետ, ապա գոնե՝ ալևելամետ վարք:
Սկսենք նրանից, որ առաջին բանը, ինչ արել էր Սարգսյանը՝ Լուկոշենկոյի հետ հանդիպելն էր, իսկ Լուկոշենկոն, ինչպես հայտնի է, արևմտյան լրատվամիջոցներում վայելում է «Եվրոպայի վերջին բռնապետի» համբավը և նախկին խորհրդային տարածքում ցանկացած ինտեգրացիոն գործընթացների ջատագովն ու կողմնակիցն է:
Լուկոշենկոյի հետ հանդիպման վրա կարելի էր աչք փակել, եթե դրան չհետևեին Սերժ Սարգսյանի երկու՝ մեկը մյուսից ուշագրավ հայտարարությունները:
Նախ՝ երկու տարվա մեջ առաջին անգամ Հայաստանը նման բարձր մակարդակով իր մտահոգությունն արտահայտեց Սիրիական ճգնաժամի վերաբերյալ: Պուտինի՝ ՀԱՊԿ անդամ երկրների կողմից միացյալ դիրքորոշում մշակելու կոչին սատարելով՝ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ առնվազն աշխարհագրապես ՀԱՊԿ անդամ երկրներից Սիրիային ամենամոտը Հայաստանն է, իսկ եթե դրան հավելենք բազմահազարանոց հայկական համայնքի առկայությունը, ապա Հայաստանին չի կարող չանհանգստացնել իրավիճակի վատթարացումը:
Նախագահի կողմից արված երկրորդ ուշագրավ հայտարարությունն այն էր, որ Սարգսյանը կոչ արեց ՀԱՊԿ անդամ երկրներին աջակցել Հայաստանին Շանհայյան համագործակցության կազմակերպության դիտորդ անդամի կարգավիճակ ստանալու հարցում: Բանն այն է, որ այս կազմակերպությունը այն եզակի աշխարհաքաղաքական միավորումներից է, որը գոնե տեսականորեն ի զորու է ապագայում ձևավորել նոր բևեռ, որը կլինի անգլո-սաքսոնական-եվրոպական բևեռի այլընտրանքն ու մրցակիցը, իսկ դրա անդամ երկրներից շատերը վատ կամ շատ վատ հարաբերությունների մեջ են ԱՄՆ-ի և առհասարակ Արևմուտքի հետ:
Այսպիսով, աշխարհը հիմա ճամբարների է բաժանվում և կարծես թե Հայաստանը ընտրել է մի ճամբար, որտեղ ԵՄ-ն ու ԱՄՆ-ը տեղ չունեն։
|