Այսօր ԱԺ-ն Վերահսկիչ պալատի նախագահ ընտրեց Իշխան Զաքարյանին` այդպես էլ անակնկալ չմատուցելով: Դեռևս, մինչ Սերժ Սարգսյանի կողմից Զաքարյանի թեկնածության առաջադրումը, արդեն պարզ էր որ Իշխան Զաքարյանը շարունակելու է պաշտոնավարել: Արդեն շատ վաղուց հայաստանյան ղեկավարության գործունեությունը անգամ նոր կադրեր առաջ քաշելու հարցում, մեղմ ասած, աչքի չի ընկնում արդյունավետությամբ: Սա հասկանալի է, քանի որ հայաստանյան համակարգի կենսունակությունը ապահովում են տարատեսակ մականունավոր ու անմականուն օլիգարխներ, իշխանզաքարյաններ, գեներալներ և այլն: Նման անձանց փոփոխությունը, անգամ եթե նրանց փոխարինում են նույն իշխանական թիմի ներկայացուցիչներ, կարող է սկզբնավորել անշրջելի գործընթացներ, որոնք հարվածում են համակարգի հիմքերը: Կարծել, որ Հանրապետական կուսակցության անվան տակ հայտնի կազմակերպությունը կուռ քաղաքական կառույց է՝ միամտություն կլինի: Հայաստանյան իշխանական կուսակցության շարքերը համալրել են ամենատարբեր բնույթի, մակարդակի ու գործունեության ոլորտի անձինք, որոնց շահերը շատ հաճախ հակասում են միմյանց: Սերժ Սարգսյանն այս պարագայում հանդես է գալիս գլխավոր արբիտրի դերում , որը ոչ միայն փորձում է վերացնել իր թիմի ներսում առկա տարաձայնությունները, այլև որոշակի պահերի նաև խաղում է դրանց վրա` թույլ չտալով Հանրապետական այս կամ այն թևի չափից ավելի ուժեղացումը:
Առանձանպես մեծ ուշադրություն հարկավոր չէ տեսնելու համար, որ Իշխան Զաքարյանի թեկնածության հաստատումը ևս այդպիսի ներիշխանական կոնսենսուսի արդյունք է: Շատ ժամանակ չի անցել այն օրից, երբ Սերժ Սարգսյանը հանդես եկավ ՎՊ նախագահի խիստ քննադատությամբ, երբ վերջինս ուղղակիորեն կառավարությանն ու վարչապետին մեղադրեց, մեղմ ասած, անգործության մեջ: Սերժ Սարգսյանի այս քննադատությունից հետո շատերը սկսեցին խոսել, որ Իշխան Զաքարյանի գլխին ամպեր են կուտակվել: Սակայն ռազմավարական տեսանկյունից Սերժ Սարգսյանը չէր կարող թույլ տալ նման «սխալ» և հեռացնել Իշխան Զաքարյանին: Դա կնշանակեր հանրապետականի պրովարչապետական թևի ուժեղացում, ինչը ձեռնտու չէ Սերժ Սարգսյանին, ինչպես և ձեռնտու չէ նաև այդ թևի թուլացումը, քանի որ այս պարագայում արդեն վերահսկողությունից կարող է դուրս գալ հովիկաբրահամյանական թևը: Իհարկե տարատեսակ շահերի բախումները հենց իշխանության ներսում չափից ավելի խորն ու բազմաբնույթ են, որոնց մասին կարելի է խոսել չափազանց երկար:
Սակայն արտաքուստ նշմարվող իրականությունն այն է, որ որևէ կադր ընտրելիս Սերժ Սարգսյանի համար բացարձակ էական չէ նրա գործունեությունը, ձեռքբերումններն ու ձախողումները, պրոֆեսիոնալիզմը և այլն, այլ պարզապես առաջին տեղում է դրված արատավոր վարչակարգի կենսունակության ապահովումը, այդ վարչակարգի ներսում գործող տարբեր խմբավորումների խթանումն ու զսպումը, և այս տեսանկյուններից տվյալ անձի կամ պաշտոնյայի արդյունավետությունը: Սա նաև իր մեջ պարունակում է բավական լուրջ և խորը վտանգներ հենց Սերժ Սարգսյանի համար, քանի որ չի բացառվում, որ ինչ-որ մի պահի նա այլևս չկարողանա իշխանական վերնախավում իր ձեռքում պահել ուժերի հավասարակշռման բոլոր լծակները: