Ազգային վիճակագրական ծառայությունն այսօր` հոկտեմբերի 21-ին, հրապարակեց 2013թ հունվար-սեպտեմբեր ամիսների նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Տնտեսական ակտիվության ցուցանիշը այս տարվա հունվար-սեպտեմբերին կազմել է 3.2%, ավելի ցածր, քան հունվար-օգոստոս (3.8%) կամ հունվար-հուլիս (4%) ամիսներին էր:
Տնտեսական ակտիվության հիման վրա հաշվարկվում է Համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճը, որն այլ կերպ անվանվում է տնտեսական աճ: Այս տարվա բյուջեով նախատեսված էր 6.2% տնտեսական աճ: Սակայն տարվա ընթացքում գրանցվեց սպասվածից ցածր տնտեսական աճ, և արդեն 2014թ. բյուջեն կազմելիս այս տարվա համար կառավարությունը իջեցրեց տարեկան տնտեսական աճի հավանական թիվը մինչև 4.1%: Ինչպես երևում է հունվար- սեմպետմբեր ամիսների տնտեսական ակտիվության ցուցանիշից (3.2%)` հնարավոր է, որ տարվերջին 4.1% տնտեսական աճ էլ չապահովվի:
Նշենք նաև, որ առանձին վերցրած սեպտեմբերին 2012-ի սեպտեմբերի համեմատ տնտեսական ակտիվությունը գրեթե չի աճել` կազմելով 0.2%: