ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը խորհրդարանում արտահերթ ելույթ ունեցավ՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանին և դրա շուրջ ստեղծված իրավիճակին։
«Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա գործը քննելիս և ՍԴ որոշումը կայացնելիս ՍԴ-ն պատշաճ քննարկման առարկա չի դարձրել և կամ առանց հիմնավոր պատճառաբանության մերժել է դեպի դիմող ունեցած առերևույթ կողմնակալության հիմքով ՍԴ երեք անդամի գործի քննությանը մասնակցության անհնարինության վերաբերյալ ՍԴ դատավորի դիմումը՝ դրանով իսկ հանրության շրջանում կասկածի տակ դնելով անաչառ դատարանի ապահովումը»,- ասաց Միրզոյանը։
ԱԺ նախագահի խոսքով՝ որոշման վերաբերյալ գործի համազեկուցողներից մեկը ուղղակիորեն նշել է, որ դատարանը չհիմնավորված շտապողականություն է ցուցաբերել որոշման ընդունման հարցում՝ արձանագրելով, որ եթե չլիներ շտապողականություն, կարող էր լինել այլ որոշում։
«Այս ճանապարհով ընդունված որոշումն ուղղակիորեն առնչվում է այլ դատական ատյանում քննվող մի գործի, որի շրջանակներում մեղադրանքը վերաբերում է Հայաստանի Հանրապետության և սահմանադրական կարգի դեմ ուղղված ոտնձգություններին և դրանով իսկ պատմական և քաղաքական կարևորություն ունի Հայաստանի Հանրապետության համար»,- ընդգծեց նա։
Խոսելով ՍԴ որոշման բովանդակության մասին՝ Միրզոյանը շեշտեց․ «Կարելի է վստահաբար նշել, որ առանց որևէ առերևույթ հիմնավորման ՍԴ-ն էականորեն շեղվել է օրենսդրական բացի առնչությամբ առավել քան մեկ տասնամյակ իր իսկ արտահայտած իրավական դիրքորոշումից»։