Կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրենքը հակասահմանադրական ճանաչելու պահանջով Ազգային ժողովի ոչ իշխանական չորս խմբակցություններ`«Բարգավաճ Հայաստան»-ը, Դաշնակցությունը, «Ժառանգություն»-ը և ՀԱԿ-ը դեկտեմբերի 17-ին դիմեցին Սահմանադրական դատարան։ Այժմ ՍԴ-ում Գագիկ Հարությունյանի նախագահությամբ ընթանում է այդ գործով առաջին նիստը: Գ. Հարությունյանը ձայն տվեց դիմող կողմին: Նրանք են՝ Աժ պատգամավոր Արծվիկ Մինասյանը, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը, փաստաբան Մերի Խաչատրյանը: Ամբիոնին առաջինը մոտեցավ Արծվիկ Մինասյանը:
«Բարձր դատարան, ինչպես նշվեց, ներկայացվել էր դիմում Աժ պատգամավորների կողմից Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի 5, 7, 8, 37, 38 45, 49, 86-րդ հոդվածների դրույթերի՝ Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով: Դիմումով արծարծված հարցերը ունեն սկզբունքային սահմանադրաիրավական նշանակություն և դիմումի ներկայացումը նպատակ է հետապնդում բացառել Սահմանադրության պահանջների խախտումներով օրենսդրության կիրառումը և ստեղծել կոնկրետ իրավական հիմքեր՝ համերաշխ հասարակությունում յուրաքանչյուրի համար բավարար կենսամակարդակ ապահովելու պետության պարտավորության գործում»,- դիմելով ՍԴ-ին ասաց Աժ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: