Այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ անդրադարձ եղավ կառավարության կողմից ներկայացված այն նախագծին, որով նախատեսվում է մինչև 2015 թ․ Սահմանադրական փոփոխությունների ուժի մեջ մտնելը ընտրված ՍԴ ժամանակից շուտ թոշակի գնացող դատավորներին պետբյուջեից վճարվել, և այդ գումարը կազմում է շուրջ 900 մլն դրամ։ Լրագրողների հարցին՝ արդյոք արժեր պետբյուջեից նման հատկացում անել ՍԴ խնդիրը լուծելու համար, «Իմ քայլի» պատգամավոր Սուրեն Գրիգորյանն արձագանքեց․
«Իրավիճակը ոչ ստանդարտ է Սահմանադրական դատարանի շուրջ դրանից բխող վտանգներով, և լուծումները ստանդարտ լինել չեն կարող»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է լրագրողի այն պնդմանը, թե դա կարելի է դիտարկել պետական մակարդակով կոռուպցիա, պատգամավորը նշեց, որ այդ հայտարարությունն անհիմն է, հակառակ պարագայում միջազգային կառույցներն արդեն իսկ արձագանքած կլինեին։
«Այդ անձինք, ցավոք սրտի, ունեն այնպիսի քաղաքական հետագիծ, այնպիսի փոխկապակցվածություն և իրենց դրսևորել են այնպես, որ մենք չենք կարող իրենց կողմից սահմանադրական արդարադատությանը վստահենք, և այն չի կարող մեր երկրի համար վճռական իրավիճակներում փրկօղակ լինել։ Եվ ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակը լուծելու նպատակով պետք է այդ ինստիտուտը կիրառվի, անգամ բյուջեի հաշվին»,- նշեց Գրիգորյանը։