Այս նախագծով արգելվում է ցուցադրել գովազդ Հանրային հեռուստատեսությամբ, բայց բոլորն ընդունում են, որ կարող է լինել գովազդ Հ1-ով, ուղղակի պետք է ուրիշ ձեւով լինի հովանավորության կարգը, ձեւը եւ այլն: Այս մասին այսօր Ազգային Ժողովում Հանրային հեռուստատեսությամբ գովազդի մասին օրենսդրական նախագծի քննարկմանը ասաց ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
«Մենք ոչ թե հանում ենք գովազդը Հանրային հեռուտատեսությամբ, այլ փոխում ենք հեռուստատեսային գովազդային շուկան: Հիմա մենք վերաձեւում ենք հեռուստատեսային գովազդային շուկան եւ այն գովազդը, որը պետք է գնա Հանրային հեռուստատեսությամբ, պայմանավորվում ենք չանվանել գովազդ: Բայց այդ դեպքում Հանրային հեռուստատեսության այդ գովազդային գումարները հոսելու են բոլորովին այլ տեղ»,-ասաց Փաշինյանը:
Ի պատասխան Փաշինյանիˋ ՀՀԿ պատգամավոր Կարինե Պողոսյանը ասաց.
«Հանրային հեռուստատեսությամբ հանվում է առեւտրային գովազդները, բայց նախապատվությունը տրվում է մշակութային, սպորտային ու սոցիալական գովազդներին: Սա բխում է նաեւ մեր պետության շահերից»,-ասաց տիկին Պողոսյանը:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ որոշ գովազդներ ընդհանրապես հասկանալի չէ, թե ինչի մասին են:
«Դուք ասում եք, սոցիալական գովազ, բայց հիմա կա գովազդ, որ երկու աղջիկ քայլում են կինոթատրոնից դուրս գալիս, աղբը գցում են գետնին, հետո վերջում ասվում է VivaCell&MTS: Հիմա դա ինչի՞գովազդ էˋ Վիվասելի՞, աղբը գետնին չթափելու՞, թե՞ այդ աղջիկների գովազդն է: Ու այդ գովազդը կարո՞ղ է լինել Հանրային հեռուստատեսությամբ, թե՞ ոչ»,-հարցրեց Փաշինյանը: