տուն Լուրեր Սա թշնամու, օտարի հոգեբանությամբ ղեկավարող իշխանություն է. Արամ Մանուկյան

Սա թշնամու, օտարի հոգեբանությամբ ղեկավարող իշխանություն է. Արամ Մանուկյան

194
0

anc-Aram-Manukyan

Եթե խելոք կառավարություն լիներ, սահմանամերձ գոտիների բնակչությունը չէր արտագաղթի, ամենաշատը այսօր արտագաղթում են հենց այդ բնակավայրերից: Այսօր Ազգային Ժողովում Araratnews.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը:

Հիշեցնենք, որ hոկտեմբերի 22-ից հետո, երբ Պառավաքար-Վազաշեն ավտոճանապարհին ադրբեջանական կողմից հնչած կրակոցների հետեւանքով զոհվեց մեկ եւ վիրավորվեցին մի քանի զինծառայողներ` մարտական ավտոմեքենաների շարասյունով ընթանալիս, փակվեց եւ մինչ օրս շարունակում  է փակ մնալ  ռազմավարական նշանակություն ունեցող այդ ճանապարհը:

Իսկ մյուս երկու ավտոճանապարհներըˋ Բերդ-Ճամբարակն ու Իծաքար-Գանձաքար-Իջեւանը գտնվում են անբարեկարգ վիճակում, եւ բնակիչները չեն կարողանում օգտագործել:

Araratnews.am-ի այն հարցին, թե ինչպես կգնահատի կառավարության քայլերը Տավուշի մարզի սահմանամերձ գոտում անբարեկարգ ճանապարհները բարձիթողի վիճակում թողնելու համար, նա պատասխանեց.

«Ընդհանրապես սխալ էր փակելը Պառավաքար-Վազաշեն ճանապարհը: Դուք ասում եք այսօր այս պահի խնդիրը, բայց սահմանամերձ գոտին դատարկվում է: Այն մարդը, որ պետք է պահի սահմանը՝ առաջինն է գնում։ Օրինակˋ հենց Մովսես գյուղից դրսումˋ Ռուսաստանում ավելի շատ մովսեսցի է ապրում, քան հենց Մովսես գյուղում: Քաղաքականություն են իրականացնում՝ մարդկանց Հայաստանից հեռացնելու: Այս տարի 240 հազար մարդ Հայաստանից գնացել է, ոմանք զինվոր են ոմանք սպառող են, ոմանք էլ արտադրող»:

Նրա խոսքերովˋ Հայաստանը քայքայվում, սպառվում է եւ ժողովուրդը պետք է իմանա, որ լուծումը  այս իշխանությունից ազատվելն է :

«Այս իշխանության ամեն մի օրը չարիք է բերում Հայաստանին, եւ ինչքան շուտ ազատվենք սրանցից, այնքան այս ժողովուրդը կփրկվի: Սա թշնամու, օտարի հոգեբանությամբ ղեկավարող իշխանություն է»,- ասաց Մանուկյանը:

Լիլիթ Առաքելյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here