տուն Լուրեր Սահմանամերձ գոտում ապրող երեխաների երազանքների մասին պատմոււմ է մանկապարտեզի դաստիարակը

Սահմանամերձ գոտում ապրող երեխաների երազանքների մասին պատմոււմ է մանկապարտեզի դաստիարակը

89
0

jj

Աստղիկն ավելի քան մեկ տասնամյակ է, ինչ աշխատում է Ներքին Կարմիրաղբյուր գյուղի մանկապարտեզում` որպես դաստիարակ: Araratnews.am-ի լրագրողի հետ զրույցում նա պատմել է երեխաներին պաշտպանելու ու պաշտպանվել սովորեցնելու իր ամենօրյա գործի մասին:

-Ինչո՞վ են սահմանամերձ գոտու երեխաները տարբերվում մյուս գոտիներում ապրող երեխաներից:

-Ամենաառաջինը, որ կարելի է առանձնացնել, այն է, որ այստեղ երեխաներն ապրում են միշտ վախը սրտերում: Քանի որ միշտ էլ վտանգը կա։ Երեխաները փոքր են, բայց հասկանում են դա: Փոքր են, բայց հոգեպես կարծես մեծացած լինեն: Միշտ մեր երեխաները տարբերվում են, ինչը շատ ցավալի է ինձ համար:

-Վտանգը հատկապես ե՞րբ եք զգացել:

-Մի քանի տարի առաջ իմ զույգ երեխաները խաղում էին դրսում, ես ներսում պարապմունք էի անում: Հենց այդ ժամանակ երկու կրակահերթ լսվեց: Ես միանգամից դուրս եկա, բալիկներս արդեն վազում էին դեպի ինձ: Հենց այն տեղում, որտեղ նրանք խաղում էին, ընկավ երկու փամփուշտ: Չեմ կարող նկարագրել իմ ապրումներն այդ պահին թե որպես մայր, թե որպես դաստիարակ:

— Ինչպե՞ս եք երեխաների մեջ սերմանում հայրենասիրության ոգին։

-Ես նախապատվությունը տալիս եմ հայրենասիրական բանաստեղծություններին ու երգերին ու իմ սաներին նույնպես առաջին հերթին դա եմ սովորեցնում: Հիմնականում խաղաղության մասին:

-Սովորաբար իրենց երազանքների մասին խոսելիս, երեխաներն ի՞նչ են ասում:

— Քանի որ նրանք միշտ շրջապատված են զինվորականներով, իրենք երազում են զինվորական դառնալ:

-Ո՞րն է Ձեր տված ամենակարևոր պատգամը սաներին:

-Անկախ նրանից, թե որտեղ են ապրում, միշտ էլ վտանգը կա: Սահմանամերձ գոտին առանձնանում է նրանով, որ ամեն րոպե երեխաներին սովորեցնում ենք, որ լինեն ուշադիր, լինեն զգոն: Լավ սովորեն, լավ մարդ դառնան ու երբեք չմոռանան իրենց հայրենի գյուղը: