«Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը՝ նվիրված հայրենիքի հզորացմանը և բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը»:
Ահա այս խոսքերով ընդունվեց երրորդ Հանրապետության Սահմանադրությունը: Թվում է, թե երկրի մայր օրենքի հանդեպ անվերապահ հարգանք ու հավատարմություն պետք է լիներ, բայց արի ու տես, որ Հայաստանում երբեք էլ այդպես չեղավ: Նախ 1995թ. Սահմանադրության հանրաքվեն դարձավ երրորդ Հանրապետության առաջին կեղծված ընտրությունը: Երկրորդ խնդիրը Սահմանադրության արտատպություն, և ոչ մտավոր ու քաղաքական լայն շերտերի մասնակցությամբ ձևավորված լինելու փաստն է:
Հնչում են տարատեսակ գնահատականներ անգամ իշխանություններից դուրս գտնվող ուժերի շրջանում: Մի մասը պնդում է, որ մեր գլխավոր խնդիրը Սահմանադրության տառը չպահպանելու մեջ է, մյուսները բողոքում են ներկա Սահմանադրությունից, ոմանք նոր Սահմանադրության առաջարկ են անում և այլն:
Մի բան ակնհայտ է, որ մոտակա Սահմանադրական բարեփոխումները ևս կտապալվեն մի պարզ պատճառով: Այս ապաշնորհ իշխանությունների ձեռնարկած ամենագերազանց քայլն անգամ դատապարտված է, քանի որ իշխանությունների հանդեպ զրոյից ցածր հավատ ու վստահություն կա:
Արմեն Մկրտչյան