Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանն այսօր Ազգային ժողովում 2014 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ներկայացրել է, որ ՍԴ շենքի պատուհանների վերանորոգման համար 62.2 մլն դրամ են խնդրում հաջորդ տարի:
Սա բուռն քննարկումների առիթ է հանդիսացել: Նախ պետաիրավական հարցերի մշատական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը նրան հորդորել է ավելի մանրամասն ներկայացնել, թե այդ ինչ վերանորոգման աշխատանքներ են: Մի քանի անգամ հարցը կրկնելուց հետո Առուշան Հակոբյանն այդպես էլ մանրամասներ չի ներկայացրել այդ աշխատանքների վերաբերյալ: Նա միայն նշել է, որ ՍԴ ծախսերի նախագիծն օրենսդրության համաձայն պետք է ի գիտություն ընդունել:
Դավիթ Հարությունյանը ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանին խնդրել է ներկայացնել մանրամասները: Ի պատասխան Սաֆարյանը հայտարարել է, որ այդ աշխատանքների նախահաշիվը ներկայացված չէ իրենց:
«Ինչպե՞ս թե, նախագիծը կա, հիմնավորումը ներկայացված է: Պարոն Սաֆարյան, ներկայացված է հիմանավորում, միայն պատուհանների մեկուսացման հարցը պետք է լուծվի»,- նշել է ՍԴ աշխատակազմի ղեկավարը: Նա դժգոհել է, որ ՍԴ եռահարկ դահլիճի պատուհանները վերից վար խայտառակ վիճակում են: «90-ականներին բոլոր կուսակցություններին լցրել էին էդ շենքում, շենքի հերն անիծվել է»,- ասել է Առուշան Հակոբյանը: Նա նշել է, որ ամեն տարի որոշել են նման ֆինանսավորում չխնդրել՝ մտածելով, որ դրա ժամանակը չէ:
ՍԴ-ն հաջորդ տարվա բյուջեից նաև ֆինանսավորում է խնդրում երկու ավտոմեքենա ձեռք բերելու համար: Ի պատասխան Պավել Սաֆարյանը հայտարարել է. «Կամ կտանք, կամ չենք տա»: Սա հարուցել է պատգամավորների ծիծաղը, իսկ ՍԴ աշխատակազմի ղեկավարը նեղացել է:
Էմմա Պալյան