Այսօր առավոտյան Տավուշի մարզի սահմանամերձ գոտում 2 քաղաքացիˋ Ռաֆիկ Մուղդուսյանն ու Գաբրիել Բաբիկյանը պայթել են ականի վրա: Բերդավան գյուղի բնակիչ, 1959 թ-ին ծնված Ռաֆիկ Մուղդոսյանը մահացել է, իսկ Հաղթանակ գյուղի բնակիչ Գաբրիել Բաբիկյանը ստացել է վնասվածք ու տեղափոխվել հիվանդանոց:
Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասում է Բերդավանի գյուղապետ Արարատ Գաբրիելյանը։
«Դա թույլատրելի սահման չէ, իրենք ձորակներով, ոլորաններով գնացել են, բայց մեր հենակետերի գծին չեն հասել: Փոս ճանապարհ կա կառուցված մեր հենակետերը իրար միացնող, որը անվտանգ ճանապարհ է, դա անցել են ու 200 մետր էլ դուրս եկել, մտել անապատված դաշտ»,-ասում է Գաբրիլելյանը:
Գյուղապետը անձամբ հրամանատարի ահազանգը ստանալուց հետո գնացել է դեպքի վայր եւ փաստում է, որ ճանապարհին 5-6-տեղ փակցված են եղել վահանակներ, որով զգուշացվում է, որ ականապատ տարածք է, կամ գնդակոծվող տարածք եւ չի կարելի անցնել:
«Գյուղացիները բոլորն էլ գիտեն, որ վտանգավոր տարածք է, ոչ մեկ չի գնում: Իրենք գնացել են վայրի բույսեր հավաքելուˋ ծնեբեկ, սինձ»,-հավելեց Գաբրիելյանը: