տուն Քաղաքական Ռուսաստանի հետ մեջք-մեջքի՝ ընդդեմ «նույնասեռական Եվրոպայի»

Ռուսաստանի հետ մեջք-մեջքի՝ ընդդեմ «նույնասեռական Եվրոպայի»

242
0

Սեպտեմբերի 3-ին մոսկովյան տխրահռչակ հայտարարությունից հետո, հայաստանյան քաղաքական ու լրատվական դաշտը ողողված է Մաքսային միության անդամակցության թեմայով, ինքնավարության կորուստը վկայող հիմնավորված, ինչպես նաև երբեմն դեմագոգիկ հռետորաբանության ճառերով: Այս ամենի մեջ շատ հաճախ շեշտվում է այդ հայտարարության անակնկալ լինելը, Եվրոպայի հետ տարիներ շարունակվող բանակցությունների ի դերև ելնելը, իշխանությունների և Սերժ Սարգսյանի գործելաոճի անկանխատեսելի լինելը և այլն: Սակայն կարծում ենք ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ հայաստանյան իրողությունները չափազանց բազմաշերտ են և հաճախ բավական ուշ է հնարավոր դառնում գլխի ընկնել դրանց ընթացքի տրամաբանությունը: Եթե մենք փորձենք անդրադարձ կատարել վերջին մոտ մեկ տարվա ընթացքում կատարված, թվում է թե աննշան, երևույթներին, ապա հստակ տեսանելի կդառնա, թե ինչպես ծնվեց Սեպտեմբերի երեքը: Այս ընթացքում միայն զանգվածային լրատվամիջոցների անգամ մակերեսային ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ գրեթե չկա այդպիսի օր, երբ հրապարակված մամուլում և այլ լրատվամիջոցներում ակտիվ կամ գոնե պասսիվ կերպով հարձակումներ չգործվեն «եվրոպական արժեքների», նույնասեռականության, աղանդների, բարոյական անկման թեմաներին, ընդ որում շեշտենք, որ նման դիրքերից հանդես եկող անհատներ, հասարակական կազմակերպություններ, տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, եվրոպական արժեքներ ասելով նկատի ունեն զուտ նույնասեռականությունը, աղանդները և բարոյազուրկ հասարկությունը: Առաջին հայացքից թվում է, թե դա հերթական հանրապետական կեղծ նժդեհական կիսանացիզմի դրսևորումն է, որն իրականցավում է բացահայտ և թաքուն երիտհանրապետականների կողմից՝ համապատասխան ֆինանսավորման դիմաց (ի դեպ վերջիններիս կարծիքով հանրապետական կամ մերձհանրապետական փողերը «գրանտ» չէ, այլ ազգայինը բարձրացնելուն ուղղված միջոց, սակայն սա բոլորովին այլ զավեշտի թեմա է): Վերջին օրերին մենք նաև ականատես եղանք այնպիսի մի երևույթի, ինչպիսին Անի Զախարյանն է: Եթե մենք վերոհիշյալ տրամաբանության մեջ դիտարկենք հայաստանյան իրադարձությունները, ապա կարող ենք ենթադրել, որ համապատասխան օղակներից ներդրվում են տարատեսակ «անիզախարյաններ», կարծես թե հասարակությանը ցույց տալու համար, թե ինչ կսպառնար մեզ «եվրոպական ապագայում»: Վերոհիշյալից ելնելով մեզ մնում է ընդամենը ենթադրել, որ Սերժ Սարգսյանի մոսկովյան հայտարարությունը ոչ թե անակնկալ էր, այլ պարզապես նախապատրաստական փուլում էր, և այդ փուլի կարևոր բաղադրիչներից էր նաև «եվրոպական արժեքների» դեմ տարվող շնչակտուր հակաքարոզչությունը: Ընդ որում պետք է շեշտել, որ, ցավոք, անգամ ոչ առանց այդ քարոզչության, հայաստանյան հասարակության մեջ դեռևս բավական լուրջ զանգված է կազմում այն հատվածը, որը եվրոպական արժեքները կապում է նույնասեռականության և այդօրինակ երևույթների հետ:
Աղասի Մարգարյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here