Ռուսաստանի պետական դումայում փորձում են Ուկրաինայի իշխանությւնների վրա ազդել նաև այն ազգային համայնքների միջոցով, որոնց պատկանում են իշխանության որոշ ներկայացուցիչներ: Ժիրինովսկու կուսակցության ներկայացուցիչ, Դումայի հասարակական միավորումների և կրոնական կազմակերպությունների հանձնաժողովի նախագահ Յարոսլավ Նիլովը երեք դիմում է գրել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդին, Նոր Նախիջևանի և ռուսական թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Եզրասին, ինչպես նեև Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի ղեկավար Արա Աբրահամյանին` խնդրելով հրապարակային հայտարարություններով «վերջ դնել Ուկրաինայում ամենաթողությանը, որը հանգեցրել է արցունքների, ցավի, ավերածությունների և մահերի»: Այս մասին հաղորդում է Izvestia.ru-ն:
Այսպիսով, ռուս խորհրդարանականը հույս ունի՝ հայերից «մարդ բերել» Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի վրա, ով ազգությամբ հայ է: Ավակովը մեկ անգամ չէ, որ հայտարարել է` «անձնագրով ես ուկրաինացի եմ, իսկ բոլոր արմատներովս` հայ»:
Հայերին ռուս-ուկրաինական հակամարտության մեջ ներքաշելու փորձերում ռուս խորհրդարանականը կրկին դիմել է հին հնարքների` նամակներոմ հիշատակելով Հայոց ցեղասպանությունը` համեմատելով մեկ դար առաջ տեղի ունեցած դեպքերը Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումների հետ: «Հնարավոր է, որ հայ ժողովրդի զոհերի մասին հիշատակումը կդիպչի նրա որդիներից մեկի` Արսեն Ավակովի սրտին և նա բարեգթություն կցուցաբերի նրանց նկատմամբ, ովքեր այսօր Ուկրաինայում լացում են իրենց զոհերի վրա, իսկ դա կպաշտպանի այդ երկրի քաղաքացիների կյանքերը», — գրել է Ժիրինովսկու խմբակցության պատգամավորը:
Այս նախաձեռնությանը միացել է նաև իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության ներկայացուցիչ Եկատերինա Լախովան: