«Ռուսական կողմից Սերգեյ Մարկեդոնովը և մի շարք այլ քաղաքագետներ արդեն ասել են իրենց խոսքը այս հանդիպման կապակցությամբ և նշել, որ որևէ ակնկալիք չունեն: Սրանով, փաստորեն, Ռուսաստանը փորձում է կատարել այնպիսի քայլ, ինչպիսին ԱՄՆ-ը արեց Կազանի ժամանակ, որովհետև տեղեկություն կար, թե Կազանի ժամանակ ամերիկացիները քայլեր են կատարել, որ ինչ-որ ձևով տապալեն այն, որպեսզի Ռուսաստանը չլինի, այսպես ասած, հաջողության կնքահայրը: Նույն դերակատարությունը տեսնում ենք հիմա Ռուսաստանի կողմից, երբ որ Քերիի առաջնորդությամբ հանդիպումը տեղի է ունենում, ու իրենք փորձում են ինչ-որ քայլ կատարել, որ ամեն դեպքում հաջողություն չլինի Միացյալ նահանգների գլխավորությամբ»,- Araratnews-ի հետ զրուցում, անդրադառնալով Վիեննայում մեկնարկած Ալիև-Սարգսյան հանդիպմանը, նշեց քաղաքագետ Արմեն Գրիգորյանը:
Մեր զրուցակիցը շեշտեց, որ համանախագահների միջև նույնպես առկա են տարբեր խնդիրներ, քանի որ համանախագահ երկրները տարածաշրջանում հետամուտ են լինում իրենց շահերին, ինչը բնականաբար բերում է համանախագահողների միջև մրցակցության: «Համանախագահ երկրները ունեն իրենց շահերը և իրենց ջանքերը ուղղում են ավելի շատ տարածաշրջանում իրենց շահերին, քան հակամարտության կարգավորմանը, սա բնական է, սա հեենց քաղաքականության ռեալ-պոլիտիկան է»,-շեշտեց քաղաքագետը: Անդրադառնալով Մինսկի խմբի գործունեությանը, մեր զրուցակիցը շեշտեց, որ Մինսկի խումբը տարածաշրջանում խաղաղության պահպանման հարցում բավական լուրջ աշխատանքներ է տանում, իսկ այս առումով կարևոր դեր է խաղում, քանի որ խաղաղության պահպանումն առաջնային է, իսկ հաջորդ՝ արդեն բանակցային գործընթացներում, բնականաբար, հաջողություններ չեն արձանագրվում, քանի որ շարունակաբար նույն քայլերն են ձեռնարկվում, բացի այդ հենց խմբի անդամ երկրները ունեն տարաձայնություններ և հակասություններ: