Ռուսաստանը կրկին դարձել է Վրաստանի թիվ 1 գործընկերը գինու ներկրման ցուցանիշով։ Սա տեղի է ունեցել վրացական գինիների յոթամյա արգելքից հետո։ Այս մասին տեղեկացնում է Interfax գործակալությունը։ Հիշեցնենք, որ վրացական գինիների ներմուծումը Ռուսաստան թույատրվել է այս տարվա հունիսին։
Վրաստանի գյուղատնտեսության նախարարության տվյալներով՝ այս տարվա հունիս-սեպտեմբեր ամիսներին Վրաստանը Ռուսաստան է արտահանել 8.92 մլն շիշ գինի (0.75լ), որը վրացական գինիների արտահանման ծավալների մոտ մեկ երրորդն է։ Սրա արդյունքում Ռուսաստանը կրկին դարձել է վրացական գինիներ ներմուծող թիվ 1 գործընկերը։ «Թբիլիսյան շաբաթ» կայքը հրապարակել է 13.3 մլն շիշ արտահանված գինու ցուցանիշ։ Հաջորդ երկիրը, ուր ամենաշատ արտահանվում է վրացական գինին, Ուկրաինան է՝ 8.52 մլն շիշ, որը 13 տոկոսով ավելի է, քան նախորդ տարվա նույն ցուցանիշը։ Ղազախստանին, Բելառուսին և Լեհաստանին բաժին է հասնում վրացական գինիների արտահանման ծավալների 20.7 տոկոսը։