Ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը, անդրադառնալով Ռուսաստանի Դաշնության միգրացիոն քաղաքականությանը, նկատեց, որ ՌԴ-ն առանց միգրացիոն ներհոսքի չի կարող զարգացում ունենալ.«Ռուսաստանի զարգացումները այնպիսն են, որ երկիրը առանց միգրացիոն ներհոսքի չի կարող լուրջ զարգացում ունենալ: Մասնագետները այս մասին բավական վաղուց և հիմնավորված խոսում են: Միգրացիան միայն ներհոսք չի, այն բացի մարդկանց երկիր գալուց բերում է իր հետ նաև բազմաթիվ հարցեր: Ռուսաստանը ժամանակ առ ժամանակ ծայրահեղ տեսք է ստանում: Մոտ 220 հազար հայաստանցի քաղաքացիների մուտքը 3-5 տարով արգելափակվել է դեպի Ռուսաստանի Դաշնություն, սա նրանց միգրացիոն օրենսդրության կրած ծայրահեղ փոփոխության արդյունք էր»,-ասաց Ռուբեն Եգանյանը:
«Նոր օրենքում կան հարցեր, որոնք տարակարծությունների տեղիք են տալիս: Նախ սկսենք նրանից, որ սկզբում օրենքի շրջանակները շատ լայն էին և ներառում էին ցարական Ռուսաստանի տարածքի մեջ մտնող բոլոր տարածքները: Հիմա արդեն նշվում է , որ օրենքը այն մարդկանց համար է, ովքեր մշտական բնակություն կհաստատեն ՌԴ-ում, սակայն հարց է, թե որն է այդ մշտական բնակությունը: Մի բան հստակ է, որ նոր օրենքը ՌԴ իշխանություններին հնարավորություն է տալիս մանեվրել»,-եզրափակեց իր խոսքը Ռուբեն Եգանյանը:
Հրապարակախոս Կարինե Հակոբյանն անդրադառնալով այս հարցին ասաց. «Ամեն ինչ չափազանց ակնհայտ է: Փոխվում է ՌԴ-ի մարտավարական քայլերը, սակայն նրանք քաղաքականությունը երբեք չի փոխվում: Իրենց նպատակներն իրականացնելու համար նրանք տարբեր ծրագրեր են իրականացնում: Ես ծանոթ եմ ՌԴ «Հայրենակիցներ» ծրագրին, որը ժամանակակից ստրկության մի ձև է: Մարդկանց տրամադրում են գումար, որը նրանք պետք է վերադարձնեն հետ վերադառնալու դեպքում: Մենք չենք կարող փոխել ռուսական քաղաքականությունը, սակայն գոնե պետք է ճանաչենք այն»,-ասաց Կարինե Հակոբյանը` ավելացնելով, որ ՌԴ քաղաքականությանը Հայաստանը պատասխանում է քաղաքականություն չունենալով.«ՌԴ քաղաքականությանը մենք պատասխանում ենք մեր քաղաքականություն չունենալով: Մենք չունենք ազգային անվտանգության իրական հայեցակարգ: Ռուսաստանը ունի իր ազգային շահերը, իսկ մենք պետք է ունենանք մեր ազգային շահերը, որն այսօր չկա: ՌԴ միգրացիոն նոր օրենքը նորից ծառայում է իրենց հիմնական նպատակին` իրենք ավելացնում են իրենց բնակչությունը և օերնքի հիմանական սկզբունքն այն է, որ նրանք ավելացնեն այն մարդկանց թիվը, ովքեր հիմնականում բնակություն կհաստատեն Ռուսաստանի Դաշնությունում»,-եզրափակեց իր խոսքը հրապարակախոսը: