Եվրապարտատոմսերը ավելի լավ պայմաններով են թողարկվել, քան 2009-ին Ռուսաստանից վերցված վարկն էր: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո հայտարարեց ՀՀ Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը: Նրա խոսքով՝ առաջիկա օրերին ամբողջությամբ, վաղաժամկետ կմարվի ռուսական վարկը:
Ռուսական վարկը վերցված էր Libor +3% տոկոսադրույքով, եվրապարտատոմսերի տոկոսադրույքը 6% է: Եվ թեև լիբորի տոկոսադրույքը այժմ 0.41% է, սակայն առաջիկայում, ըստ նախարարի, այն բարձրանալու է, ինչպես բարձր է եղել նախորդ 10 տարիներին՝ միջինում 2.5%: Լիբորը՝ փոփոխական տոկոսադրույքը, ֆիքսված տոկոսադրույքի վերածելու համար գոյություն ունի սվոպ ֆինանսական գործիքը: Եվ այս պահին, եթե Հայաստանը ուզենար ռուսական վարկի փոփոխական տոկոսադրույքը սվոպի միջոցով դարձնել ֆիքսված, ապա ռուսական վարկի տոկոսադրույքը կլիներ 6.08%, այսինքն՝ ավելի շատ, քան եվրապարտատոմսերի տոկոսադրույքն է: Եվ սա այն դեպքում, երբ լիբորը այսօր շատ ցածր է: Երբ առաջիկա տարիներին այն բարձրանա, ինչը գրեթե անխուսափելի է, քանի որ ԱՄՆ-ն դուրս է գալիս ճգնաժամից, ապա լիբորի տոկոսադրույքը շատ ավելի բարձր կլիներ:
Ռուսական վարկի սպասարկումը ևս ավելի անբարենպաստ է: 2014-ին ռուսական վարկի համար ՀՀ կառավարությունը մարելու էր 60 մլն դոլար, իսկ եվրապարտատոմսերի համար՝ 40 մլն դրամ: Նմանատիպ վիճակ էր լինելու նաև հաջորդող բոլոր տարիներին: