Ռուսական ռուբլու արժեզրկումը բացասական հետևանքներ կարող է թողնել Հայաստանի տնտեսության վրա: Այս կարծիքին է Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ ռուբլու արժեզրկումը բացասաբար կազդի Հայաստան մտնող տրանսֆերտների և մեր արտահանման վրա:
«Առաջին խնդիրը վերաբերում է տրանսֆերտներին, որովհետև արժեզրկված ռուբլու պարագայում մենք ավելի քիչ տրանսֆերտներ ենք ստանում: Երկրորդ՝ կարող են արտահանման հետ կապված խնդիրներ լինել, որովհետև ռուբլու էժանացումը չի հանգեցնում մեր արտահանման նպաստմանը, այլ հակառակը»,- ասաց նախարարը:
Նրա խոսքով՝ այս պահին տարբեր գնահատականներ կան, թե ինչ կկատարվի ռուսական արժույթի հետ: «Մենք մեր տեսանկյունից պետք է հնարավորություն ունենանք հասկանալու դրա երկարաժամկետ ազդեցությունը մեր տնտեսության վրա: Եթե իրավիճակը կարճաժամկետ է, ապա քաղաքականության էական փոփոխություն չենք կարող անել, եթե ավելի երկարաժամկետ խնդիր է, ապա պետք է, անպայման, նայել տնտեսական քաղաքականության փոփոխության հարցը»,-ասաց նա: