Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուի մայրը՝ Դոլորես Ավեյրոն իր ինքնակենսագրական գրքում պատմել է, որ ցանկացել է ընդհատել հղիությունը, երբ հղի է եղել Կրիշտիանոյով։ «Մայրական քաջություն» գրքում նա գրել է, որ նման քայլը պայմանավորված էր ընտանիքի ծանր ֆինանսական վիճակով։
Գրքի շնորհանդեսը կայացել է նախօրեին։ Ռոնալդուն այդ շնորհանդեսին ներկա չի եղել։ «Արդեն երեք երեխա ունեի, երբ 30 տարեկան էի։ Ընտանիքը շատ աղքատ էր ապրում։ Շատ խնդիրներ ունեինք։ Ամուսինս շատ գումար չէր կարողանում վաստակել։ Եվ ես որոշեցի ընդհատեմ հղիությունս, սակայն բժիշկները չաջակցեցին ինձ այդ հարցում։
Այդ ժամանակ ես ալկոհոլ խմեցի և սկսեցի վազել և, կորցնելով ուժերս, վայր ընկա։ Սակայն դա էլ չօգնեց։ Երբ Ռոնալդուն իմացավ այդ մասին, ասաց․ «Լսիր, մայրիկ, դու ուզում էիր ընդհատել հղիությունդ, սակայն ես հենց այն մարդն եմ, ով պահում է հիմա տունը»», — ասել է Դոլորեսը։