Ամերիկացի հայտնի բռնցքամարտիկ Մայք Թայսոնը կարծում է, որ NBA-ի հայտնի բասկետբոլիստ Դենիս Ռոդմանը պետական դավաճան է, քանի որ արել է մի շարք կտրուկ հայտարարություններ Հյուսիսային Կորեայում 15 տարվա ազատազրկման դատապարտված ամերիկացի Քենեթ Բեյի հասցեին։ Այս մասին նա ասել է CBS- հեռուստաալիքին։
«Այն, ինչ ասել ու արել է Ռոդմանը, դավաճանություն է։ Ես առանձնապես քաղաքականությամբ չեմ հետաքրքրվում, սակայն այստեղ ամեն ինչ ակնհայտ է։ Նա այցելել է մի երկիր, որը հակամարտում է մեր պետության հետ, և նման արտահայտություններ է իրեն թույլ տվել», — նշել է աշխարհի նախկին չեմպիոնը։ Նա վստահ է, որ Ռոդմանի այցելությունը Հյուսիսային Կորեա պայմանավորված է ֆինանսական հարցերով․ «Նրան, երևի, այդ այցելությունների համար լավ վճարել են։ Ես դրանում վստահ եմ։ Դժվար թե նա այդ քայլին դիմեր մեծահոգությունից դրդված»,- նշել է Թայսոնը։
Մինչդեռ, երեկ Ռոդմանի գործակալ Դենիս Փրինսը հերքել է, որ իր հաճախորդը գումար է ստացել Հյուսիսային Կորեա այցելելու և այնտեղ բասկետբոլային հանդիպում կազմակերպելու համար։