Սերժ Սարգսյանը, ԵԿՄ համագումարով խոսելով մեր 3.5% տնտեսական աճի մասին, այն համեմատեց ԵՄ-ի ու Ռուսաստանի աճերի հետ՝ շեշտելով, որ այդ աճերի համեմատ մեր ցուցանիշը «լավ» ցուցանիշ է: «Ինչպես տեսնում եք, բոլոր տեղերում՝ կախված և՛ համաշխարհային գործընթացներից, և՛ կոնկրետ երկրի ներքին խնդիրներից, աճը դանդաղել է (իրականում, ինչպես արդեն ցույց ենք տվել, չի դանդաղել, բայց մի պահ թողնենք դա — Հ.Մ.): Հիմա սա լա՞վ է, թե՞ վատ: Եթե համեմատենք ուրիշների հետ՝ լավ է, բայց եթե համեմատենք մեր կարիքների հետ՝ վատ է»,- հայտարարել էր Սերժ Սարգսյանը:
Այս տրամաբանության շրջանակներում, եթե, օրինակ, եվրագոտում աճը 1% է, ապա Հայաստանի 4% աճը այդ ֆոնի վրա լավ ցուցանիշ է: Բայց նման մոտեցումը ճիշտ չէ, քանի որ եվրագոտում 1% տնտեսական աճը համարժեք է Հայաստանի՝ ավելի քան 10% տնտեսական աճին: Այսպես. մեկ շնչի հաշվով Համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) եվրագոտու երկրներում մոտ 35 հազար դոլար է, որի 1% աճը 350 դոլարն է: Հայաստանի մեկ շնչի ՀՆԱ-ն 3350 դոլար է, որի 4% աճը 134 դոլար է: Այսինքն՝ եթե եվրագոտին տարեկան աճի 1%-ով, Հայաստանը՝ 4%-ով, ապա բարեկեցության մակարդակով Հայաստանն է՛լ ավելի հետ կընկնի եվրագոտուց, է՛լ ավելի կաղքատանա եվրագոտու համեմատ: Որպեսզի Հայաստանը եվրագոտու համեմատ չաղքատանա, այդ գոտու 1% աճի դեպքում մեր տնտեսության աճը պետք է կազմի առնվազն 10% (350 դոլարը բազմապատկած 100%-ի, բաժանած 3350 դոլարի):
Նմանապես՝ Ռուսաստանի դեպքում: Այնտեղ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն 14 հազար դոլար է, որի 1.5% աճը 210 դոլար է: Դրա համարժեքը Հայաստանի համար մոտ 6% աճն է: Այսինքն՝ 2013-ին Ռուսաստանը իր 1.5% աճով ավելի է հարստացել ու առաջ գնացել, քան թե Հայաստանը՝ իր 3.5% աճով:
Ավելին, Հայաստանն, իր մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով, շուրջ 3 անգամ զիջում է աշխարհի միջին ցուցանիշին, ինչը նշանակում է, որ այլ հավասար պայմաններում (փոխարժեքի կուրս, բնակչության թիվ և այլն) Հայաստանը պետք է աշխարհի միջինից 3 անգամ բարձր տնտեսական աճ ունենա՝ աշխարհից է՛լ ավելի հետ չընկնելու համար: Եթե համաշխարհային տնտեսության աճը 3% է (ինչպես 2013-ին), ապա Հայաստանինը պետք է լիներ 9% (և ոչ թե միայն 3.5%): Այնպես որ՝ «ուրիշների հետ համեմատած» մեր 3.5% աճը ոչ թե լավ է, ինչպես կարծում է Սերժ Սարգսյանը, այլ շատ վատ:
Ընդհանրապես՝ Սերժ Սարգսյանի կառավարման 6 տարիներին Հայաստանը կենսամակարդակով ոչ միայն է՛լ ավելի է հետ ընկել Ադրբեջանից, Թուրքիայից ու Իրանից, այլև Վրաստանն է մեզ գերազանցել (2000-ականներին այն միշտ զիջել է մեզ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով):
Հայկ Մանուկյան