Ներկայացնում ենք Ռաֆայել Իշխանյանի՝ 1989 թվականին հրապարակված «Երրորդ ուժի բացառման օրենքը» հոդվածից մի հատված̀ «Որն է մեր ճանապարհը» էսսեից, որը զարմանալիորեն արդիական է նաև մեր օրերում.
«1917 թ. վերջերից, երբ ռուսական բանակը հեռանում էր Հայաստանից, Զավրիևը և զավրիևականները ծնկաչոք աղերսում էին ռուսներին չգնալ, քանի որ Հայաստանն առանց Ռուսաստանի չէին պատկերացնում։ Բայց նրանց լսող չեղավ։ Չէ՞ որ քաղաքական դեպքերը կարող են առաջիկայում էլ այնպես զարգանալ (մեծ աշխարհ է), որ ռուսական բանակը Հայաստանից հեռանա։ Դա ոչ ոք բացառել չի կարող։ Այն ժամանակ երրորդ ուժի մեր ասպետները՝ Զ․ Բալայան, Հ. Սիմոնյան, Ա․ Հովհաննիսյան, Ս․ Կապուտիկյան, Ս. Պողոսյան և այլն, եթե ծնկաչոք աղաչեն ռուսներին՝ մի գնացեք, եղբայրներ, նրանց ոչ ոք չի լսի։ Որևէ երրորդ ուժ հայերի կամքով երբևէ չի շարժվել և չի շարժվի։ Նա իր ծրագրերն ու շահերն ունի։
Եվ այսպես, եթե ռուսական բանակը հեռանա Հայաստանից, մենք այս 29 հազար քառակուսի կիլոմետրի վրա հավաքված երեք միլիոն հայերս դեմ հանդիման մնալու ենք մի քանի տասնյակ միլիոնի հասնող մեր հինգ խոշոր հարևանների՝ թուրքերի, պարսիկների, քրդերի, վրացիների, ադրբեջանցիների հետ։
Երրորդ ուժի բացառման օրենքն այն է, որ մենք հենց հիմա և միշտ մեզ պատկերացնենք մենակ այս հինգ հարևանների դեմ հանդիման։ Եթե այդպես պատկերացնենք, շատ բան կփոխվի մեզանում, մեր հարևանների հետ անմիջականորեն, երկուստեք խաղաղության եզրեր գտնելու մասին կմտածենք և ոչ թե անպտուղ հայհոյանքներ կտեղանք նրանց հասցեին։ Եվ կպատրաստվենք ազգային պետություն ունենալուն։ Պատրաստ կլինենք։ Կրկնեմ, որ երրորդ ուժի բացառումը չի բացառում դաշնակից ունենալը։ Դաշնակիցը նա է, ում շահերը մերի հետ թեկուզ ինչ-որ ժամանակով համընկնում են, և դաշնակից կունենանք այն դեպքում, եթե մենք ինքնուրույն ուժ լինենք։ Բայց դաշնակցին չեն ապավինում, նրա ուժի վրա ծրագրեր չեն կառուցում, դաշնակիցը օգնական է։ Որքան մենք շատ ճորտանանք Ռուսաստանին, այնքան նա մեզ չի հարգի։ Երբ չճորտանանք, մեզ կհարգի։
Մինչդեռ մենք, ինչպես ասացի, ազգովին, մեր մտքում, մեր բնազդով չենք կարողանում բացառել երրորդ ուժը, ապավինում ենք նրան, մեր հարևաններին հայհոյում ենք, մեր ծրագրերը կազմում հենց այդ ուժի վրա հույս դնելով։ Սա վերաբերում է նաև Հայաստանում ստեղծված ոչ պաշտոնական կազմակերպություններին և հայ ազգային կուսակցություններին։
Խնդրեմ՝ դաշնակցությունը, այսօր իր ամբողջ գործունեությունն առաջ է տանում երրորդ ուժին ապավինած։ Նրա ղեկավարներից մեկը՝ պարոն Սարուխանյանը իմ կարդացած մի հարցազրույցում հայտարարել է, որ հայոց հողերի պարտատերը Խորհրդային Միությունն է, այսինքն՝ Ռուսաստանը (կրկնեմ, որ Ռուսաստանը երբեք միտք չի ունեցել և այսօր էլ միտք չունի հայերին վերադարձնել նրանց պատմական հողերը)։ նույն դաշնակցությունն է, որ մի այլ երրորդ ուժի՝ Արևմուտքի պետությունների ու ՄԱԿ֊ի դռներն է ծեծում, որ ճանաչեն հայերի ցեղասպանությունը (իսկ դա անօգուտ, պարապ զբաղմունք է)։
Դաշնակցական մի ղեկավարի հետ զրուցում էի։ Ասաց.
— Ոչ, Թուրքիայի հետ երկխոսությունն անիմաստ է և հանցավոր։ Թուրքիան մեր վերաբերմամբ մի նպատակ ունի ոչնչացնել։
— Այս դեպքում ձեր ծրագրում ինչո՞ւ եք ձեր նպատակը համարում Միացյալ անկախ Հայաստանը, եթե կարծում եք, որ անկախ Հայաստան Թուրքիայի հարևանությամբ գոյություն ունենալ չի կարող։
— Որևէ երրորդ ուժ մեզ պետք է սատար լինի։ Օրինակ, Ռուսաստանը։
— Բայց դուք ինչո՞ւ եք կարծում, որ Ռուսաստանը կհանդուրժի անկախ Հայաստան և դեռ կսատարի նրան։
— Ուրիշ ելք չունենք։ Հետո մեր առաջին գործը մեր հողերը վերցնելը պետք է լինի։
— Բայց աշխարհում ամեն ինչ փոխվում է, այստեղ հռոմեացիներ կային, գնացին, բյուզանդացիներ կային, գնացին։ Չէ՞ որ հնարավոր է, որ մի օր էլ Ռուսաստանը գնա Կովկասից։ Ի՞նչ պիտի անենք։
— Ուրիշ հովանավոր կգտնենք։
— Ո՞ւմ։ Պատասխան չկա։
— Եվ ինչո՞ւ եք կարծում, որ Ռուսաստանը կամ մի ուրիշը Թուրքիայից պետք է մեր հողերը խլի ու տա մեզ։ Սա ո՞վ է ձեզ սովորեցրել։ Հարցրեք Ռուսաստանին, տեսեք ինչ է ասում։
— Միևնույն է, մենք առանց որևէ հզոր պետության օգնության չենք գոյատևի, ոչնչի չենք հասնի։
— Եթե այս հողում մենք թուրքերի հարևանությամբ ինքնուրույն ապրել չենք կարող, ուրեմն պետք է ամբողջ հայությունը պատրաստ լինի ռուսների հետ իր հայրենիքը լքելու։ Ահա թե դուք ինչ եք քարոզում։ Ես կարծում եմ, մենք պետք է մտածենք այս շրջապատում Հայաստանը պահելու, ոչ թե այն վերջնականապես քանդելու մասին։
Մոտավորապես դաշնակցության նման է մտածում Երևանի «Հայ դատ» կազմակերպությունը։ Դեռ ավելին, եթե դաշնակցությունը կարևոր տեղ է տալիս հայոց լեզվի ու հայ դպրոցի պաշտպանությանը, հայ նոր սերնդի հայկական կրթությանը, «Հայ դատը» լեզվի, ազգային կրթության, հայախոսության, հայագրության, այսինքն մեր բուն գոյության հարցը անկարևոր է համարում (վկա նրանց ամսագիրը), միայն՝ հողեր, հողեր։ Երևի կարծում են հողեր գոռալով, պահանջելով, ինչ-որ մեկը (Ռուսաստանը կամ Արևմուտքը) հայերին հող կտա, ու չեն մտածում, որ մինչև իրենք հող են ուզում, արհամարհելով մեր լեզուն ու դպրոցը, Հայաստանն ու հայ ազգը կարող են ուծանալ, վերանալ, ու այդ դեպքում եթե Հայաստան չլինի, հողերի ի՞նչ միավորում պիտի կատարվի։
Բացի դրանից, «Հայ դատը» նաև հայերի նոր թշնամիներ է որոնում, այս անգամ էլ մատը դրել է հրեաների վրա։ Երեք ճակատով է «կռվում»՝ պանթուրքիզմի, պանիսլամիզմի և սիոնիզմի դեմ, իհարկե, Ռուսաստանին ապավինելով։ Ու թեև Ռուսաստանը ասել ու ասում է, որ ինքը պանթուրքիզմի և պանիսլամիզմի դեմ կռվելու միտք չունի, իսկ սիոնիզմի հետ հաշտվելու քայլեր է անում, մեր «Հայ դատը» իր նույն գիծն է տանում, «կռվում» է այդ երեք ուժերի դեմ։ Այստեղ է, որ հարմար է գալիս Ջիվանոլ խոսքը՝ «Խելքի աշեցեք»։
Երրորդ ուժին, այս դեպքում էլ Ռուսաստանին են ապավինում նաև մեր ռամկավարներն ու հնչակյանները։ Սրանք էլ առանց Ռուսաստանի չեն պատկերացնում որևէ տեսակ Հայաստան։ Այս 50 — 60 տարի է, ինչ նրանց ամբողջ քաղաքականությունը հենված է Ռուսաստանին մարմնով ու հոգով նվիրված լինելու մտայնության վրա։
Երրորդ ուժին են ապավինում նաև մեր երևանյան անկախականները՝ Ինքնորոշում միավորումը և նրանից անջատվածը․ նրանց ղեկավար, ինձ համար շատ սիրելի Պարույր Հայրիկյանի քաղաքական ծրագրում կարևոր տեղ է զբաղեցնում Հայաստանի անկախացման կապակցությամբ ՄԱԿ֊ի զորքեր հրավիրելը Հայաստան։ Ինքնորոշում միավորումը Երևանում ցույցեր է անում ՄԱԿ-ի դրոշով։ ՄԱԿ֊ի ուժեր, Եվրախորհրդարան, ահա Ինքնորոշում միավորման ապավեն երրորդ ուժերը։
Մեր անկախականները ապավինելով արևմտյան երրորդ ուժին՝ թշնամություն ունեն Ռուսաստանի նկատմամբ։ Կարծում եմ, որ թե Ռուսաստանի, թե Արևմուտքի նկատմամբ թշնամանալը նույնպիսի անմտություն է, ինչպիսին որ դրանց ապավինելն է։ Զարմանալի է, ինչո՞ւ ենք մենք կարծում, որ Արևմտյան որևէ պետություն կամ Ռուսաստանը մեզ պետք է պաշտպան ու սատար լինեն։ Ի նչ հիմար մտայնություն է սա։ Մենք մոռանում ենք, որ ամեն ազգ, ամեն պետություն, իր շահերն ունի, ինչո՞ւ պետք է որևէ պետություն իր շահերը զոհի հանուն հայերի։ Ոչ մի խելացի պետություն այդպիսի զոհաբերում չի անի։
Ռուսաստանից հիասթափվում են ու հայհոյում։ Բայց ինչո՞ւ եք հույսեր կապել, ո՞վ է ձեզ ասել, թե Ռուսաստանը հայերի փրկիչն է։ Ռուսաստանը՝ ինքը այդպիսի բան չի ասել։ Այդ դուք եք հնարել, սիրելի հայրենակիցներ և դուք էլ հույսեր եք կապել Ռուսաստանի հետ ու հիմա էլ հիասթափվում եք։ Պետք է արդար լինել, այս 300 տարի է Ռուսաստանի ղեկավարները մեզ ասում են՝ «Հայեր, ձեր և մահմեդականների վեճերի ժամանակ մենք ձեզ չենք պաշտպանելու» և գործնականորեն էլ ապացուցում են իրենց այդ դիրքը։ Մենք աներեսի նման նորից հույս ենք կապում, որ Ռուսաստանը վերջապես մեր կողմը կանցնի ընդդեմ մեր հարևան մահմեդականների։ Եվ այս 300 տարի է նաև խրատում ենք ռուսներին, թե գիտեք մահմեդականները վատն են, նաև ձեզ են թշնամի, մենք՝ հայերս լավն ենք, մեզ պաշտպանեցեք։ Հայերը ինչքան հոդվածներ, գրքեր են գրել ռուսներին համոզելու համար, որ մեզ պաշտպանեն։ Միշտ անարդյունք։ Ռուսական պետությունը շատ է փորձված, իր շահերը լավ է հասկանում, մենք՝ անպետական, մեր պետական մտածողությունը կորցրած հայերս չէ, որ նրան պետք է սովորեցնենք։ «Քեմալը Լենինին խաբեց», «Ադրբեջանցիները կաշառել են Կրեմլին», «Քաղբյուրոյի անդամների կանայք կամ խնամիները թաթար են և թուրք, դրա համար մեզ չեն պաշտպանում»,— այսպիսի տհաս, ուղղակի տխմար մտքեր են արծարծում շատ ու շատ հայեր։ Ոչ, սիրելիներ, Լենինը շատ լավ գիտեր Քեմալն ով է, և իր երկրի շահերի տեսակետից միանգամայն ճիշտ քաղաքականություն էր վարում նրան ամեն կերպ օգնելով, մենք էինք հիմար, որ 1920 թ. լեզու չգտանք Քեմալի հետ և Կարսը կորցրինք։ Ադրբեջանցիներն էլ չեն կաշառել Կրեմլին, հանգիստ եղեք, Կրեմլն իր գիծն ունի, և դա բնավ հայերին հատկապես պաշտպանող գիծ չէ։ Եվ մեծագույն հիմարություն է թաթար ու թուրք կանանց կամ խնամիների հետ կապել հայերի կողմը չանցնելու ռուսական քաղաքականությունը։ Դա 300 տարվա պատմություն ունի։ Ինչո՞ւ եք դուք կարծում, որ իրենք՝ ռուսները մեր կողմը պետք է պահեն։ Ինչո՞ւ։ Սա ինչ անխելքություն է։
Երբ Նիկոլայ Ռիժկովը Հայաստանում էր, հանդիպեց հայ մտավորականության հետ։ Զ. Բալայանը ելույթ ունեցավ և կրկնեց նույն հին երգը՝ մահմեդականները, ադրբեջանցիները, թուրքերը շատ վատն են, մենք հայերս շատ լավն ենք, մեզ պաշտպանեք։ Պարոն Ռիժկովը սաստեց նրան. «Վերջացրեք, դուք չէ, որ մեզ պետք է սովորեցնեք, թե մենք ինչպես պետք է շարժվենք, կամ՝ ով է լավ, ով՝ վատ։ Մենք մեր անելիքը լավ գիտենք»։ Եվ նա իրավացի էր։ Բայց Զ. Բալայանին դա դաս չեղավ։ 1989 թ. Հայաստանի Գերագույն խորհրդի նստաշրջանում ռուսերեն իր ելույթի մեջ, դարձյալ ռուսներին դիմելով, նույնը կրկնեց թուրքերը վատն են, մենք՝ լավը, կա պանթուրքիզմ, ռուսներ, մեզ պաշտպանեք։ Եվ իհարկե, դարձյալ ապարդյուն։
Մարդ ամաչում է։ Ինչքան կարելի է չխրատվել։ Այդ մարդիկ ասում են՝ ոչ, դու նորից քոնն ես կրկնում։»
Հոդվածն ամբողջությամբ այստեղ