տուն Հասարակություն Ռազմիկ Աբրահամյանի ձերբակալման որոշումը ճանաչվեց ոչ իրավաչափ

Ռազմիկ Աբրահամյանի ձերբակալման որոշումը ճանաչվեց ոչ իրավաչափ

295
0

Նորածինների ապօրինի որդեգրման գործով կասկածյալ Ռազմիկ Աբրահամյանի ձերբակալման որոշումը ճանաչվեց ոչ իրավաչափ:

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Դավիթ Բալայանը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, քիչ առաջ հրապարակեց այս որոշումը՝ այդպիսով բավարարելով Աբրահամյանի պաշտպանի՝ ձերբակալման որոշման դեմ ավելի վաղ ներկայացրած բողոքը։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Ռազմիկ Աբրահամյանի պաշտպան Սամվել Դիլբանդյանը տեղեկացրեց, որ իր պաշտպանյալը կասկածանքը չի ընդունում, քանի որ, ըստ նրա, այն շինծու է. «Որեւէ փաստական տվյալ չկա այդ կասկածանքը հիմնավորելու համար, այն հիմնված է մեկ-երկու անձանց ցուցմունքների վրա, որոնց ես չեմ ճանաչում, այդ ցուցմունքների բովանդակությունն էլ ինձ հայտնի չէ, բացի այդ, նախաքննություն է, ես չեմ կարող այս մասին խոսել»։ Մեր ճշտող հարցին, այսինքն՝ քրեական գործում Ռազմիկ Աբրահամյանի դեմ ցուցմունքներ կա՞ն, պաշտպանը պատասխանեց. «Գործում շատ ապացույցներ կան, որ նաեւ իր օգտին են, բայց կան նաեւ ցուցմունքներ, որոնք, ըստ իս, արժանահավատ չեն, հակասում են գործում եղած տվյալներին, եւ փարատում են հիմնավոր կասկածն ամբողջությամբ»։

Թե որոնք են Աբրահամյանի օգտին եղած ապացույցները, պաշտպանն ասաց, որ չի կարող նշել։ Մեր դիտարկմանը, որ օրեր առաջ լրագրողների հետ զրույցում Աբրահամյանը հերքել էր իր առնչությունը՝ երեխաների ապօրինի որդեգրման դեպքին, սակայն նախաքննական մարմինը, փաստորեն, կասկածներ, ամեն դեպքում, գտավ, պաշտպանն արձագանքեց. «Որդեգրումն ընդհանրապես իրականացվում է այլ մարմինների կողմից, դրա համար գոյություն ունի դատարան, Արդարադատության նախարարություն, Սոցապ նախարարություն եւ այլ հաստատություններ, որոնք որ իրականացնում են այդ գործընթացները»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում