Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիլողոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ երեկ ապօրինի որդեգրության մեղադրանքով ձերբակալված Ռազմիկ Աբրահամյանը 2018 թ. սեպտեմբերից մանկաբարձագինեկոլոգիական գծով ԱՆ խորհրդատու չէ:
«Սիրելի գործընկերներ, Երեկվանից լրահոսում հայտնված հրապարակումներում անընդհատ շեշտվում է, որ Ռազմիկ Աբրահամյանը հանդիսանում է «գլխավոր գինեկոլոգ»: Հարկ է նշել, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պաշտոնավարման սկզբից վերանայել է առողջապահության նախարարության (ԱՆ) գլխավոր մասնագետների ցանկը և 2018 թվականի սեպտեմբերի 7-ի նախարարի No 2300 – Ա հրամանով Ռազմիկ Աբրահամյանը դադարել է լինել ԱՆ խորհրդատու (նախկինում գլխավոր մասնագետ)` մանկաբարձագինեկոլոգիական գծով»,- գրել է նա: