տուն Լուրեր Ջահանգիր աղայի պատմական դերակատարումը

Ջահանգիր աղայի պատմական դերակատարումը

184
0

jahangir-agha-14127.1 (1)

Սարդարապատի հերոսամարտի օրերին իրենց մասնակցությունն են ունեցել նաև եզդիները: Հայ եզդիական բարեկամությունը ամրապնդվել էր դեռևս Մեծ եղեռնի օրերին և դրանից առաջ, իսկ այդ բարեկամության հիմքը դրվել էր Ջահանգիր Աղայի և Անդրանիկ Զորավարի քավոր սանիկությամբ: Ջահանգիր Աղան մինչև վերջ հավատարիմ մնաց հայ եզդիական բարեկամությանը և Անդրանիկի հետ ակտիվորեն մասնակցեց ազատագրական և պաշտպանական մարտերին: Ջահանգիր աղան մասնակցել է 1915 թվականին Անդրանիկի հետ Հասան ղալայի Դիլմայի ճակատամարտին և արդյունքում հասել են հաջողության:Այդ օրերին Անդրանիկի և Ջահանգիր Աղայի բարեկամությունը ավելի ամրապնդվեց և այդ բարեկամության արդյունքում Սարդարապատի օրերին Ուսուբ Բեկի հետ միասին նրանք կռիվներ մղեցին թուրքական ուժերի դեմ: Հավատարիմ մնալով հայ-եզդիական բարեկամությանը՝ նրանք կարողացան հետ մղել թուրքական գրոհները: Եղեգնուտի ուղղությամբ մահմեդական բնակչության շարժը կանգնեցնելու ուղղությամբ իր դերակատարումն ունեցավ նաև Ջահանգիր աղան, ով իր հեծյալներով հետ մղեց թուրքական գրոհը, որը շարժվում էր Արաքս կայարանի ուղղությամբ: Այդ ժամանակ, երբ հակահարձակման անցավ Սարդարապատի գունդը՝ Սարդարապատի երևանյան ջոկատի հետ միասին կռվում էին նաև եզդիական ջոկատները: Հիշենք, որ Սարդարապատի հերոսամարտի օրերին հայկական ուժերը գրոհը շարունակեցին, և, ինչպես գիտենք, Սիլիկյանը պլան էր մշակել, որի համաձայն պետք էր Կարսը hետ գրավվեր: Սիլիկյանը գտնում էր, որ հարձակումը չպետք էր դադարեցնել: Սակայն թուրքական 9-րդ բանակի ուժերը հարձակման անցան Համամբլուի ուղղությամբ և արդեն 3-րդ դիվիզիան գրոհը ձեռնարկեց մեծաքանակ ուժերով: Սիլիկյանը ստիպված եղավ Սարդարապատի ճակատից հանել որոշակի ուժեր, դնել Դրոյի տրամադրության տակ և ուղարկել Բաշ- Ապարանի ճակատ: Հենց այդ ուժերի մեջ էին նաև Ջահանգիր աղայի ջոկատային ուժերը, որոնք փայլեցին Ալյագազի հետ գրավման ճակատում: Այստեղ պետք է հիշել նաև Ուսուբ Բեկի ուժերի կատարած աշխատանքը, ովքեր կարողացան համագործացել հայկական ուժերի հետ և միասին հետ մղել թշնամու ուժերը: Երբ թուրքերին հաջողվեց գրավել Ջամշլու կոչվող գյուղը, այստեղ նրանք սրի քաշեցին տեղի բնակչությանը, և որոշ տվյալներով, նաև մինչև 500-600-ի հասնող եզդիական բնակչությանը: Հակահարձակման շնորհիվ հայ-եզդիական ուժերին հաջողվեց ազատագրել Ալագազի շրջանի գյուղերը: Հենց այս ջոկատների մեջ էին նաև Ջահանգիր աղայի ուժերը, ովքեր կարողացան իրենց վրա վերցնելով թուրքական ուժերի մի մասի գրոհը, հետ մղել և անցնել հակահարձակման: Այստեղ փայլուն համագործակցություն եղավ հայկական հիմնական ուժերի և եզդիական ջոկատների միջև, որի արդյունքում ազատագրվեց այս շրջանը: Ջահանգիր Աղան և Ուսուբ Բեկը մեծ դերակատարում ունեցան Հայաստանի առաջին Հանրանրապետության կայացման գործում: Հայ-եզդիական բարեկամությունը նոր ուժով ամրապնդվեց Ղարաբաղյան պատերազմի օրերին և 100 երիտասարդներ իրենց կյանքը նվիրեցին հանուն այդ հաղթանակի, ավելին՝ եզդիները որոշակի քանակ են կազմում և զոհվածների մեջ իրենց թե՛ թվային. թե՛ մասնակցության առումներով: Եզդիական համայնքը այդ օրհասական օրերին եղբայրական հայ ժողովուրդի հետ միասին կռվի դուրս եկավ և միասին ապահովեցին այդ հաղթանակը:

ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյան