«Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը Araratnews.am-ի հետ զրույցում նշեց, որ առաջիկայում Պուտին — Սարգսյան հանդիպումից չի ակնկալում կտրուկ փոփոխություններ հայ-ռուսական հարաբերություններում:
«Կտրուկ փոփոխություններ արդեն տեղի են ունեցել: Հայաստանը վասալային հարաբերությունների մեջ է Ռուսաստանի հետ: Մեր իշխանությունների ակտիվ ջանքերի շնորհիվ իրենց իշխանությունը եւ անօրինական կուտակած հարստությունը պահպանելու համար իրենք գնացին նրան, որ Հայաստանի անկախությունը զիջեցին եւ վաճառքի դրեցին հազարավոր հայորդիների թափած արյունը Արցախի, Հայաստանի ազատագրության համար»,-ասաց Մարտիրոսյանը:
Նա նշում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը, նախնական տվյալներով դեկտեմբերի 2-ին, ոչ թե ինչ որ բանի սկիզբ է լինելու, այլ ընդամենը քայլ է վերահաստատելու հայաստանյան իշխանությունների պարտվողական քաղաքականությունը:
«Ռուսաստանը իր շահերն է փորձում պաշտպանել, այդ թվում Պուտինը որպես քաղաքական գործիչ: Մեղքը ոչ թե իրենն է, այլ մեր իշխանություններինը: Անվտանգությունն են իբրեւ թե պատճառ բռնում Մաքսային միություն մտնելու հետ կապված: Բայց եւ ՌԴ-ի պաշտպանության նախարարը, եւ ՀԱՊԿ-ի խորհրդականը հստակ ասեցին, որ Հայաստանում գտնվող ռուսական ռազմաբազան հետխորհրդային որեւէ երկրի դեմ չի կարող օգտագործվել: Սա նշանակում է, որ Ադրբեջանի հետ պատեազմի դեպքում այդ միջոցները անվտանգության, որը կոչվում է ՀԱՊԿ ռազմակայան, չի կարող օգտագործվել»,-ասում է Մարտիրոսյանը:
Նա հավելում է, որ անվտանգության խնդիր Մաքսային միություն մտնելով չի լուծվի: Իսկ տնտեսական առումով, ըստ նրա, նույնպես Հայստանը չի շահի, քանի որ եւ տոկոսադրույքներն են բարձր եւ չեն նպաստի աշխատատեղեր ստեղծելուն:
Լիլիթ Առաքելյան