տուն Հասարակություն Պուտինն ու Մերկելը միլիոններ չունե՞ն. Սամվել Գրիգորյանը՝ Քոչարյանի ստորագրահավաքին միանալու մասին

Պուտինն ու Մերկելը միլիոններ չունե՞ն. Սամվել Գրիգորյանը՝ Քոչարյանի ստորագրահավաքին միանալու մասին

2429
0

Ռոբերտ Քոչարյանի կալանքի խափանման միջոցը փոխելու հայտարարությանը միացածների թվում է նաև երգիչ, հաղորդավար Սամվել Գրիգորյանը: Հետաքրքիր է, որ Սամվել Գրիգորյանն ի սկզբանե ողջունել էր Թավշյա հեղափոխությունը, իսկ նրա քույրը՝ Արմինե Գրիգորյանը, մինչ օրս սատարում է իշխանությանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Araratnews.am-ը զանգահարեց Սամվել Գրիգորյանին՝ ստորագրահավաքի մասին խոսելու:

Պարո՛ն Գրիգորյան, ո՞վ է Ձեզ առաջարկել միանալ Ռ. Քոչարյանի ստորագրահավաքին միանալու առաջարկին:

Դա կարևո՞ր է:

Հաշվի առնելով, թե ում մասին ենք խոսում, այո:

Մյուս հարցը տվեք:

Հայտարարության մեջ ատելության, թշնամանքի մասին էր խոսվում: Ատելություն ու թշնամանք որտե՞ղ եւ ե՞րբ եք տեսել: 

Դուք եթե տեսնեք՝ ինչ է կատարվում իմ «Ֆեյսբուքում», ինչ նամակներ են ուղարկում, կհամոզվեք:

Նամակներն այսօ՞ր եք ստացել: 

Առավոտվանից եւ մի քանի ամիս առաջ, երբ խոսում էի պատգամավորներից մեկի մասին, որը վիրավորական տոնով դիմել էր շոուբիզնեսին, դրանից հետո աշխարհի ամենակեղտոտ եւ սրիկա խոսքերն ուղղվեցին ինձ: Ինչի՞ համար: Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ ուզում ենք՝ լավ լինի: Որքանո՞վ է ճիշտ ներսից իրար միս ուտելը: Դա իմ կարծիքն է, ու դա չի նշանակում, որ ես տականք եմ, դավաճան եմ կամ թուրք:

Մի քանի քաղաքացու խոսքերը հիմք ընդունելով՝ համարում եք, որ երկրում ատելության մթնոլորտ կա՞:

Մի քանիսի մասին չէ խոսքը, այլ հարյուրավոր նամակների: Ես, կարծում եմ, նաև դուք, ուզում ենք ունենալ լավ երկիր, փոխհարաբերություն: Արդյոք նման ատելությամբ կարող ենք դա ունենալ: Սա է իմ կարծիքը: Երբ կապացուցվի, որ Ռոբերտ Քոչարյանն իսկապես եղել է մարդասպան, մասսայական ներողություն եմ խնդրելու բոլորի առաջ, որ այդ 60 հոգուց մեկն եմ եղել:

Այսինքն՝ Քոչարյանին առաջադրված մեղադրանքները, տուժող կողմի հայտարարությունները, նկատի ունեմ նաև Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների, Ձեզ համար հիմնավորվա՞ծ չեն:

Երբ մեղադրանք կառաջադրվի, ես ներողություն կխնդրեմ (նկատի ունի դատավճռով հաստատվի մեղադրանքը-հեղ.)

Հայտարարության մեջ գրված է՝ Ռոբերտ Քոչարյանին անձամբ շատերն են ճանաչում: Ձեզ, օրինակ, երբեւէ հետաքրքրե՞լ է, թե ինչպես է Քոչարյանին հաջողվել Արցախից գալ Հայաստան, հարստանալ, միլիոններ ունենալ: 

Ներողություն, իսկ Պուտինը միլիոններ չունի՞: Թե՞ Անգելա Մերկելը չունի:

Բայց Պուտինն ու Անգելա Մերկելը Հայաստանի հետ առնչություն չունեն: Մենք հիմա խոսում ենք մեր երկրի հետ առնչվող անձի մասին:

Բիզնեսմենները լինում են մեծահարուստներ: Բոլոր երկրներում էլ դա կա: Ինչի՞ եք առանձնացնում Հայաստանը: Իսկ ինչի՞ չի անհանգստացնում այն, որ այսօրվա ղեկավարությունը շռայլ ծախսեր է անում: Ես ինքս երազում եմ ունենալ լավ երկիր, ուզում եմ ապրել այդ երկրում, չեմ ուզում փախնել գնալ այլ երկիր: Ես այստեղ ծնվել եմ, այստեղ պետք է մեռնեմ:

Բացի Ռոբերտ Քոչարյանից՝ այլ քաղաքացիներ, պաշտոնյաներ եւս դատական պրոցեսների մեջ են: Բայց այսքանի միջից հայտնի դեմքերը միայն Քոչարյանի ազատության մեջ հայտնվելու ստորագրահավաքին են միացել: 

Միայն Ռոբերտ Քոչարյանն ու Մանվել Գրիգորյանն ե՞ն քանդել այս երկիրը:

Իսկ ըստ Ձեզ, է՞լ ովքեր կան:

Ձեր կարծիքով՝ այս երկուսն էին:

Ես Ձեզ եմ հարցնում:

Դուք կարո՞ղ եք ասել, որ այդ երկուսն են երկիրը քանդել ու կերել:

Սերժ Սարգսյանին եւս առաջադրվել է մեղադրանք:

Կներեք, երբ հեղափոխությունը սկսվեց, առաջիններից եմ եղել, որ կանգնել եմ հրապարակում ու լիդերի կողքին եմ եղել: Ինքնակամ համերգ եմ վարել ուղիղ եթերում: Ի՞նչ ունենք այսօր: Դեպի ապագան լա՞վն եք տեսնում. միայն ատելություն ու կեղտոտ մեկնաբանություն: Բա կարելի՞ է: Եթե ես այդ կարծիքին եմ, չի նշանակում՝ ես թուրք եմ ու տականք եմ:

Հետաքրքիր է՝ Ձեր քույրը՝ Արմինե Գրիգորյանը, պաշտպանում է իշխանությանը, անգամ ասել էր՝ աղոթում է  Նիկոլ Փաշինյանի ու նրա ընտանիքի  համար: Նրա համար սպասելի՞ էր Ձեր դիրքորոշումը:

Ամեն մարդ ունի կարծիք: Երբ կպարզվի, որ Ռոբերտ Քոչարյանը մարդասպան է եղել, ես կկանգնեմ ձեր կողքն ու կասեմ՝ Քոչարյանը տականք է, մարդասպան, պետք է նստի:

Իսկ Արմինե Գրիգորյանի համար սպասելի՞ էր Ձեր դիրքորոշումը:

Կարծում եմ՝ ոչ, քանի որ նա իր տեսակետն ունի, որը լրիվ հակառակ դիրքորոշումն ունի:

Սոցիալական ցանցի օգտատերերը Քոչարյանի ազատության ստորագրահավաքին միացածներին հարցնում էին՝ որտեղ էին այս մարդիկ, երբ 2008 թվի մարտի մեկին զոհվեց 10 ցուցարար, երբ մարտի մեկի շարժման լիդերներին, օրինակ՝ Նիկոլ Փաշինյանին, ծեծում էին «Կոշ» քրեակատարողական հիմնարկում:

Ես տեղեկություններ չունեմ, բայց կրկնում եմ՝ եթե իսկապես պարզվի, որ Ռոբերտ Քոչարյանը մեղավոր է, 10 մարդու սպանության մեղավորն ինքն է եղել, կկանգնեմ այն մարդկանց կողքին, որոնք կողմ են, որ Քոչարյանը նստի: Բայց ապացուցված չէ այդ ամենը: 1 տարի ու 7 ամիս չի ապացուցվում դա: Արհեստավարժ չեմ իրավական դաշտում, բայց չի կարելի մարդուն 1 տարի ու 7 ամիս բանտում պահել եւ ոչ մի մեղադրական չներկայացնել:

Հիշո՞ւմ եք՝ ինչ էր կատարվում 2008-ի մարտի մեկից հետո:

Շատ լավ հիշում եմ, ցավում եմ այդ ամենի համար: Թող գտնվի դրա պատասխանատուն, այլ ոչ թե երկար ձգել, ձգել:

Ընդդիմախոսները դա են հարցնում՝ ինչու այսօրվա ստորագրողները չկանգնեցին Մարտի մեկի շարժման լիդերների, խաղաղ ցուցարարների կողքին, երբ իշխանությունը ուժ էր կիրառում նրանց հանդեպ: 

Իմ խնդրանքը հետեւյալն է՝ եթե ինչ-որ բան եք գրելու մեր զրույցից, գրեք՝ երազանքս է ունենալ ազնիվ, խաղաղ երկիր: Սա իմ տունն է, տեղն է, գերեզմաններն են այստեղ:

Չպատասխանեցիք իմ հարցին:

Ամեն դեպքում՝ ամենայն բարիք ձեզ:

Շնորհակալություն:

Սոնա Դավթյան