Բրիտանական The Guardian-ն անդրադարձել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին տարվա «ամենաազդեցիկ մարդու» տիտղոսը շնորհելու որոշմանը: «Պուտինն ավելի շուտ միջակություն է, քան մաչո» վերնագրված հոդվածում նշվում է, որ Պուտինն ընդհանրապես արժանի չէր նման մրցանակի:
Ըստ հոդվածագրի, Forbes-ը նման որոշում կայացնելիս հաշվի էր առել այն, որ Պուտինը կանխել է Սիրիայի պատերազմը: Սակայն Forbes-ում մոռանում են, որ Սիրիայում պատերազմը շարունակվում է նաև այն պատճառով, որ գործող ռեժիմն անընդհատ զենք է ստանում Ռուսաստանից: Ըստ հոդվածագրի, Forbes-ի վրա թերևս ազդել է այն հանգամանքը, որ Պուտինյան Ռուսաստանն ապաստան է տրամադրել ամերիկյան գործակալ Էդվարդ Սնոուդենին: Սակայն ամսագրում մոռանում են, որ եթե Սնոուդենը հանդես է գալիս բարոյականության վերականգման հիմքերից, ապա բոլոր նրանք, ովքեր Ռուսաստանում առաջ են քաշում բարոյականության և արդարության խնդիրները, անմիջապես հայտնվում են բանտում:
«Եթե իշխանություններին գնահատում ենք նրանց կառավարման ավտորիտարության աստիճանով, ապա միանշանակ լավագույնը Կիմ Չեն Ինն է», — հեգնում է The Guardian-ի հոդվածագիրը: Բրիտանական պարբերականը ներկայացրել է, թե ինչի հաշվին է Պուտինը Ռուսաստանում իշխանությունը պահում` Կրեմլի մի խումբ բանսարկուներ, նավթ և գազ, քաղաքացիական հասարակության նկատմամբ բռնաճնշումներ, վերահսկողություն զլմների նկատմամբ:
The Guardian-ը զարմանք է հայտնում նաև լավագույն «տեղերում» հայտնված այլ կերպարների կապակցությամբ, ինչպիսիք են, օրինակ Եվրոպական բանկի նախագահ Մարիո Դրագին (11-րդ տեղ) և Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալլահը (8-րդ տեղ):