Հայտնի ռուս լրագրող և գրող Վլադիմիր Պոզները Մոսկվայում ներկայացրել է իր «Հրաժեշտ պատրանքներին» հայալեզու գիրքը:
Գրքի ներկայացման ժամանակ Պոզները նշեց, որ անցյալ տարի գրքի հայերեն թարգմանությունը հանրությանը ներկայացվել է Երևանում:
Հանդիպմանը հայտնի լրագրողին հարցրել են նաև վերջերս տեղի ունեցած սկանդալի մասին, որը ծագել է Աննա Նետրեբկոյի ամուսնու՝ Յուսիֆ Էյվազովի պատճառով, որը հրաժարվել էր նույն բեմում երգել հայազգի սոպրանո Ռուզան Մանթաշյանի հետ:
Պոզները դատապարտել է սոցիալական կայքերում հայերի և ադրբեջանցիների միջև եղած զայրացնող մեկնաբանությունները՝ օպերային երգիչների շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված:
Նա նշել է, որ այս հարցում որևէ մեկի կողմից հանդես չի գա՝ հավելելով, որ «ինչ-որ մեկին շատ ձեռնտու է այս պատմության ուռճացումը»:
«Հրաժեշտ պատրանքներին» գիրքը լույս է տեսել 1990 թվականին` անգլերեն, իսկ ավելի ուշ հայտնվել է նաև ռուսերեն թարգմանությունը: Գրքում Պոզները նկարագրում է նաև իր այցը Հայաստան՝ նշելով, որ հայ ժողովուրդը կարողացավ դիմակայել՝ չնայած 1915 թվականի ցեղասպանությանը: