Վերջին շրջանում լարված քաղաքական իրավիճակն ինչ-որ չափով ստվերեց դերասան Վարդան Պետրոսյանի հետ կատարված ցավալի միջադեպն ու դրա շուրջ ծավալվող մտահոգիչ իրադարձությունները: Բայց խնդիրը բաց է ու բավական ենթատեքստային, և մեր ժողովրդի բարոյական կերպարով մտահոգ հատվածը չպետք է լռի կամ մեղմացնի իր բողոքի ձայնը:
Հոկտեմբերի 20-ին տեղի ունեցածը ողբերգություն է: Ինչպե՞ս է դա պատահել, ի՞նչ պայմաններում, Վարդան Պետրոսյանը խախտե՞լ է երթևեկության կանոնները` դեռևս պարզ չէ: Բայց դեպքին անմիջապես արձագանքող ակտիվ ու անուս լրագրողների սև գործի հետևանքներն ու մեր դատաիրավական համակարգի աշխատողների գործողությունների անօրինականությունն արդեն իսկ վեր են կասկածից: Վերջիններս եթե անգամ, ի տարբերություն լրագրողների, արհեստավարժ են ու կարող են իրավականորեն հիմնավորել իրենց հակաիրավական գործողությունները, ապա որևէ կերպ չեն կարող հերքել, որ այդ գործողությունները հակամարդկային են ու անբարոյական: Մի բան անվիճելի է.Վարդան Պետրոսյանը կանխամտածված հանցանք չի գործել: Իսկ իրավապահների գործելաոճն այս պարագայում ինքնին կանխամտածված հանցագործություն է:
Բացառիկ երևույթ է, որ արտերկիր մեկնած հայ դերասանը կարողանա իր մասնագիտությամբ կայանալ այնքան, որ ֆրանկոֆոնիայի մայրաքաղաք Փարիզում բեմ հանի իր ֆրանսերենը, ծափահարությունների ու հիացմունքի արժանանա ու անդադար վերադառնա հայրենիք` նվիրաբերվելու: Հայաստանից մեկնածները հիմնականում և լավագույն դեպքում՝ նյութական արժեքներ բերում ու հոգևորը տանում են այստեղից: Ոչ այն պատճառով, որ դրսում հոգևոր արժեքներ չկան: Պարզապես, Հայաստանն է նրանց հայրենիքը:
Վարդան Պետրոսյանը, եթե ոչ միակ, ապա այն սակավաթիվ մտավորականներից է, որոնք հոգևոր արժեքներ են բերում Հայաստան: Դժվար է հիշել արտերկիր մեկնած որևէ արվեստագետի, որ այսքան կապված լինի Հայաստանի հետ:
Ամեն ներկայացումից հետո հանդիսատեսին թվում էր, թե Վարդանի ասելիքը սպառվեց: Բայց նա վերադառնում էր կրկին ու կրկին: Գալիս էր ամենևին չօտարացած: Գալիս, ասում էր. «Փարիզը ձերն է, Ռոբեր Օսեյնը ձերն է, վերցրեք, ձեզ համար եմ բերել»: Գալիս, վարակում էր արցունքախառն ծիծաղով, հույսով, լավատեսությամբ:
Վարդանը դահլիճում մի յուրատեսակ բաց ու անմիջական մթնոլորտ էր ստեղծում: Հանդիսատեսը հեռանում էր` կյանքի նկատմամբ հայացքը փոխած, ինքն իրեն ավելի լավ ճանաչած, նաև` շատ մոտիկից ճանաչած սիրելի դերասանին, որը բեմի վրա, անկախ իր կերպավորումներից, խաղում էր ինքն իրեն: Վարդանի երկրպագուները կարծես անձամբ ճանաչում էինք նրան: Թող ներվի, որ անցյալով եմ խոսում նրա մասին: Պարզապես գիտեմ, որ մեր իմացած Վարդան Պետրոսյանին մենք էլ չենք տեսնելու բեմի վրա, եթե անգամ նա հենց այսօր ներվի ու ազատ արձակվի կալանավորական խցից: Վարդանը մարդու, քաղաքացու այն տեսակն է, որին թեկուզ ակամա հանցանքի համար ոչ մի օրենք ու դատարան չի կարող պատժել այնպես, ինչպես որ իր խղճի օրենքը: Կատարվածն արդեն իսկ ցմահ դատապարտություն է նրա համար:
Մշակույթի երեսուն գործիչներ երաշխավորագրով դիմել են ՀՀ գլխավոր դատախազին և Կոտայքի մարզի դատախազին` վթարից տուժած, առողջական ծանր վիճակում գտնվող Վարդան Պետրոսյանի կալանքը, որպես խափանման միջոց, այլ միջոցով փոխարինելու խնդրանքով: Կալանքի մասին որոշումը վերանայելու մասին առաջարկով ՀՀ դատախազությանն է դիմել նաև երկրի նախագահը: Բայց բանից պարզվում է` մեր երկրում բոլորը հավասար են օրենքի առաջ: Ինչպիսի՜ զավեշտ …
Մեր օրինապահ մարմիններին կոչ եմ անում, որ օրենքի տառին գերի դարձած իրենց եռանդը դրսևորեն հարյուրավոր չբացահայտված ծանր հանցագործությունները բացահայտելու գործում: Ես չեմ պնդում, թե Վարդանին պիտի ազատեն պատասխանատվությունից: Բայց ճանապարհային երթևեկության կանոնները ստեղծողն անգամ կարող է վթարի մասնակից լինել: Ոչ ոք ապահովվագրված չէ նման իրավիճակից: Մի՞թե չի կարելի գործողություններ ձեռնարկելիս նկատի ունենալ Վարդան Պետրոսյանի վաստակը: Չէ՞ որ խոսքը ոչ միայն տաղանդաշատ արտիստի, այլև օրինանավոր քաղաքացու, բարեպաշտ մի մարդու մասին է, որը միշտ մեր կողքին է եղել, դժվար պահերին օգնել է մեզ կառչած մնալ հոգևոր արժեքներից, որ չվհատվենք, չզրկվենք ինքներս մեզնից: Ո՜նց ենք քարկոծում ու բողոքում օտարներից, երբ մեր հայրենակիցների, մեր հոգևոր ու մշակութային արժեքների հետ վատ են վարվում: Կամ` ինչպիսի՜ մեծահոգություն կդրսևորեինք, եթե որևէ օտարերկացի մտավորական կամ արվեստագետ նման իրավիճակում հայտնվեր մեր երկրում: Երևի Վարդանը պիտի իրեն մի քիչ օտարի պե՞ս պահած լիներ: Կամ գուցե իր արվեստով պիտի զբաղեցրած-շեղած- մոլորեցրա՞ծ լիներ մեր ժողովրդին:
Վարդան Պետրոսյանը բեմի վրա շատ է քարկոծել մեզանում տիրող բռի անօրինականությունն ու անարդարությունը: Ցավոք, այս անգամ նա այդ բանն արեց իր առողջության, կարելի է ասել` իր կյանքի հաշվին:
Մենք հույս ու մխիթարություն ենք պարտք Վարդանին: Նրա ահավոր խղճի խայթին պետք չէ գումարել «ՀՀ օրենսդրական» դաժանությունն ու չինովինկական ոխակալությունը:
Որդեկորույս ընտանիքների համար մխիթարանքի խոսքեր գտնելը դժվար է: Համբերություն եմ մաղթում նրանց: Բայց պատահարին զոհ գնացած Էդգարին ու Էդուարդին անձամբ չճանաչողների մեջ կարո՞ղ է արդյոք լինել մեկը, որի սիրտը նրանց համար այնքան կցավա, որքան Վարդան Պետրոսյանի սիրտը: Եվ պետք չէ Վարդանի կյանքը տղաների մահվանն հակադրել:
Շարունակությունը hetq.am-ում: