«Մենք պետք է ոչ թե փետն առնենք ընկնենք ոստիկանների հետեւից, այլ օգնենք նրանց»,- այսօր ԱԺ-ում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոստիկանության բարեփոխումների մասին:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ երկար տարիներ ոստիկաններին ներշնչել են, որ հեղափոխություն չի լինելու Հայաստանում: «Մարդիկ իրենց աչքերին չեն հավատում, որ ես այստեղ կանգնած եմ որպես ՀՀ վարչապետ: Ոստիկանության ամենամեծ համակարգի խնդիրն այդ շոկն եմ համարում, որը, ցավոք սրտի, մինչ օրս հաղթահարված չէ»,- ասաց պարոն Փաշինյանը:
Գործադիր մարմնի ղեկավարը խոսեց ոստիկանության բարեփոխումների մասին: Նրա համոզմամբ, պարեկային ծառայությունում պետք է բարձր աշխատավարձ լինի, քանի որ ոստիկանի աշխատանքը գրավիչ չէ: «Մենք նրանց զրկել ենք 30 տոկոս կոռուպցիայից»,- հիշեցրեց կառավարության ղեկավարը:
Ինչ վերաբերում է կադրային ջարդին, Նիկոլ Փաշինյանը կրկնեց՝ ոստիկանությունում կադրային ջարդ չի եղել, բոլորին շանս են տվել ապրելու նոր միջավայրում, չեն ցանկացել մարդկանց հեղափոխականների եւ հակահեղափոխականների բաժանել: Բայց շանսն օգտագործելու ժամանակը սպառվել է. շանս չօգտագործողները պետք է աշխատանք փնտրեն: